Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինային, որտեղ մայիսին նշանակվել էր բարեփոխումների համար պատասխանատու կառույցի ղեկավար: Պարզ չէ, Սաակաշվիլին հրաժարվելո՞ւ է իր կարգավիճակից, թե՞ ոչ:
Համենայնդեպս, տարօրինակ կլինի նրա վերադարձը Վրաստան, այն էլ նախընտրական շրջանում, Ուկրաինայի պաշտոնյայի կարգավիճակով: Թե՞ նրա համար դա հնարավորություն է ապահովագրվել դիվանագիտական անձեռնմխելիությամբ: Այս առումով իրավիճակը դեռ ունի պարզաբանվելու կարիք: Վրաստանում հոկտեմբերի 31-ին խորհրդարանի հերթական ընտրությունն է, և Սաակաշվիլիի կուսակցությունը «Վրացական երազանք» դաշինքի գլխավոր մրցակիցն է, որ հավակնում է վերցնել մեծամասնությունը: Կգնա՞ Սաակաշվիլին նախընտրական պայքարի, լինելով կալանավորման սպառնալիքի ներքո, թե՞ նա ուղղակի անում է այսպես ասած՝ բարոյական հայտարարություն:
Համենայնդեպս, դա շատ պարտավորեցնող հայտարարություն էր: Հետաքրքիր է այն, որ դա հնչում է Բելառուսի զարգացումների ֆոնին, որոնք, ընդհանուր առմամբ, եվրասիական, հետխորհրդային համակարգում, այսպես ասած, փլուզման երկրորդ ալիքի վկայություն են: Սահակաշվիլին արդյո՞ք փորձում է կամ տեսնում այդ փլուզման երկրորդ ալիքի վրա «երկրորդ գալստյան» հնարավորություն Վրաստանում:
Համենայնդեպս, նրա հայտարարությունը հուշում է, որ վերադարձի պարագայում Վրաստանի ուղղությամբ աշխուժանալու է նաև Ռուսաստանը, որի նախագահ Պուտինի վերաբերմունքը Սաակաշվիլիի հանդեպ չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Դա նշանակում է, որ Սաակաշվիլիի վերադարձի մասին հայտարարությունը՝ ներկայիս լայն ֆոնին, կարող է վկայել Վրաստանի շուրջ բավականին դրամատիկ զարգացումների հնարավորություն: Իսկ դա արդեն Հայաստանի սահման է, և Հայաստանի ցամաքային կենսական ճանապարհ: Միաժամանակ, կա Ջավախքի հարցը, առավել ևս որ Սաակաշվիլին այդ առումով իր նախագահության շրջանում աչքի է ընկել այսպես ասած՝ ոչ միարժեք մոտեցումներով: Հայտնի է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա սերտ աշխատանքը: Այդ իրողությունների ֆոնին էլ հատկանշական է օրերս Ջավախքում բռնկված բախումը հայերի և ադրբեջանցիների միջև, արոտավայրերի առիթով:
Տեղի հայերը նշում են, որ այդ վեճը եղել է միշտ, սակայն բախման հասել է առաջին անգամ: Պետք է հուսալ, որ վերջին, չմոռանալով իհարկե այն, որ Ջավախքը մշտապես եղել է Վրաստանի վրա ազդելու ցավոտ կետերից մեկը, որ կարող են բանեցնել երկրներ, որոնք շահագրգռված չեն Վրաստանի կայունությամբ: Իսկ այդպիսիք Վրաստանի չորս հարևաններից երեքն են՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա: Հայաստանը պետք է պատրաստ լինի թե Ջավախքում և Վրաստանում ընդհանրապես ապակայունացման որևէ ռիսկ չեզոքացնելու հարցում առավելագույն ջանք գործադրելուն և, իհարկե, ճգնաժամային սցենարներին դիմագրավելուն:









































