Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության է եկել Մոսկվայի նկատմամբ հանրապետության պարտքը 1 միլիարդ դոլարով վերաֆինանսավորելու վերաբերյալ: Հիմա այդ քայլը պետք է քննարկեն երկու երկրների վարչապետները:
«Մենք այդ միլիարդ դոլարը, Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն, կթողնենք»,- նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն խոսել է նաև երկրում ֆինանսական իրավիճակն ապակայունացնելու որոշ «չարագործների» փորձի մասին: Ինչ-որ մեկը կոչ է անում բանկերից տարադրամ հանել: Հետևաբար, ճգնաժամից խուսափելու համար կարևոր է վերաֆինանսավորել պարտքը: Լուկաշենկոն հավելել է, որ դա կլինի «ազգային արժույթի լավագույն ամրապնդումը»: