Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ:
Ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ կանեին, եթե հրապարակեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը, որն ամիս առ ամիս կտրուկ աճ է արձանագրում և պատճառում նորանոր վնասներ: Օրինակ, բոլորովին վերջերս՝ հուլիսի 26-ին, ժամը 18:20-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Կարեն Ղուկասյանը (ծնված՝ 1976 թ.) և Մանվել Վանեսյանը (ծնված՝ 1987 թ.), գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետևանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ:
Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում: Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով տուժում է Ադրբեջանի որևէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է նաև դիմել միջազգային համապատասխան կառույցին՝ հետաքննություն իրականացնելու համար:







































