Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել, որ պատրաստ է դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց. «Իմ կողմից նախնական համաձայնություն կա և կախված արդեն նրանից, թե «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ժամանակ ինչ հարցեր կքննարկվեն, ինչ հարցադրումներ կարվեն, կառաջադրվեն, ինչ տեսակետներ կլինեն, գուցե դիրքորոշումների տարբերություններ լինեն: Հիմա չեմ ուզում կանխատեսումներ անել: Հանդիպումից հետո միայն վերջնական պարզ կլինի»:
Դիտարկմանը, որ ԱԺ-ն արդեն մեկ անգամ քվեարկել է իր օգտին, թեև այն ժամանակ խոսքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրելու մասին էր, Շաթիրյանն արձագանքեց. «Ես չեմ շտապի այս հարցի առնչությամբ միանշանակ եզրահանգումներ անել, որովհետև ամեն դեպքում ԱԺ-ում ներկայացված մյուս երկու խմբակցությունները, հաշվի առնելով սրան նախորդած պրոցեսները, չեն մասնակցում գործընթացին: Այստեղ ձայների խնդիր կարող է առաջանալ: Եթե անգամ մի քանի հոգի էլ դեմ լինեն, դա կարող է որոշիչ լինել: Ամեն դեպքում, չեմ ուզում այս պահին ինչ-որ կանխակալ մոտեցումներ ասել, կարող է և՛ միաձայն կողմ լինեն, կարող է և՛ միաձայն դեմ լինեն, չգիտեմ»:
Հիշեցմանը, որ կառավարության կողմից ՍԴ դատավորի նախորդ թեկնածուն նշում էր, որ իրեն ուղղված քաղաքական բնույթի հարցեր են հնչել, դուք պատրա՞ստ եք այդ բոլոր հարցերին պատասխանելու, Շաթիրյանն արձագանքեց. «Չեմ ուզում շատ ինքնավստահ երևալ, բայց ներքուստ պատրաստ եմ բոլոր տեսակի հարցերին: Նորմալ եմ համարում, որ կարող են տարբեր հարցեր հնչել: Այլ հարց է, թե որքանով պատասխանները կգոհացնեն իրենց, դա չեմ կարող ասել: Բայց ես միշտ պարզ ու անկեղծ եմ եղել և հիմա էլ պատրաստ եմ այդպիսին լինել»:











































