«Ես ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր եմ, ընտրվել եմ ԲԴԽ անդամ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը՝ հավելելով, որ ԲԴԽ անդամ ընտրվելով՝ միաժամանակ շարունակում է մնալ Վճռաբեկ դատարանի դատավոր:
ԻՆչո՞ւ է այսքան ծանր ընթանում ՍԴ դատավորների ընտրությունը: «ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմինն է Հայաստանում, որն իր իրավասությունների շրջանակում բավականին որոշիչ նշանակություն ունեցող մարմին է հասարակության և պետության համար, և կարծում եմ՝ օբյեկտիվ է, որ այդ մարմնի կազմում ընդգրկվող անձինք մանրակրկիտ «հետազոտության» առարկա են դառնում: Միշտ էլ դատական համակարգի ձևավորման հատկանիշներից մեկն էլ այն է եղել, որ բավականին բարդ ընթացակարգով է տեղի ունենում այդ գործընթացը»,- նշեց Ստեփան Միքայելյանը:
«Դատավորի աշխատանքը բարդ է, և մանավանդ քաղաքացիաիրավական ոլորտում չես կարող երկու կողմերի պահանջները բավարարել,- նշեց ԲԴԽ անդամը,- պարտադիր մի կողմը դժգոհ է մնում, և իրավագիտակցությունից է կախված այն, թե արդյո՞ք դժգոհ կողմը կընդունի, որ կայացված վճիռը օրինականության սահմաններում է իրականացվել»:
«Դատավորի փիլոնը ես հիմա շատ ավելի հեշտությամբ եմ կրում, քան նախկինում: Դատավորների անկախությունն այսօր ավելի շատ եմ տեսնում առօրյայում, և դա պայմանավորված է նաև նրանով, որ միջամտություններ կարծես թե չեն լինում, և դա լավ միտում է,- ընդգծեց Ստեփան Միքայելյանը՝ հավելելով՝ հանարությունը թող լավ իմանա՝ ամենաշատը դատավորն է ցանկանում, որ ինքն անկախ լինի»:
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ հնի ու նորի վեճ չպետք է լինի, և հին գվարդիայի մաս ասելով՝ ինչ-որ տեղ նսեմացվում է դատավորի արժանապատվությունը. «Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ ինձ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել զուտ նրա համար, որ շատ հարցերում չենթարկվող եմ եղել»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































