Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը ԵՄ երկրների ղեկավարների արտահերթ տեսագագաթնաժողովից հետո՝ հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ի թղթակիցը:
«Մենք ուզում ենք հստակ հաղորդագրություն ուղարկել. ԵՄ-ն աջակցում է բելառուս ժողովրդին, և մենք անպատժելիություն չենք ընդունում: Օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար և չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք չենք ճանաչում Բելառուսի իշխանությունների ներկայացրած արդյունքները: Բելառուսի ժողովուրդը ավելի լավի է արժանի»,- ասել է Միշելը:
Նա կոչ է արել Բելառուսի իշխանություններին խուսափել ցուցարարների նկատմամբ հետագա բռնություններից:
«Մենք կոչ ենք անում համապարփակ ազգային երկխոսություն սկսել: Բոլոր կողմերը՝ ներառյալ երրորդ երկրները, պետք է աջակցեն այս գործընթացին: ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ նախաձեռնությանը», – ասել է Միշելը:
ԵՄ ղեկավարները նաև պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել բռնության, բռնաճնշումների և ընտրակեղծիքների մեջ ներգրավվածների դեմ:









































