Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ երեկ ավարտվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ադրբեջանական պաշտոնական այցը։ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան ճանապարհել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք։
Էրդողանի ադրբեջանական այցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, էներգետիկ նախագծերը, անցագրային ռեժիմի վերացումը, Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստի հարցը,
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հարցը, Ղարաբաղյան հիմնախնդիրը, Արարատ լեռանն ու Ղարաբաղին առնչվող Սերժ Սարգսյանի հայտարարությունը։
Փաստորեն, ինչպես և հուլիսի 27-ին տեղի ունեցած Էրդողանի ադրբեջանական այցից առաջ կանխատեսել էր Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, Թուրքիան ու Ադրբեջանը որևէ կոնկրետ փաստաթուղթ չստորագրեցին։ Միայն հայտարարվեց, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու Թուրքիայում։
Ադրբեջանը հերթական անգամ հայտարարեց, որ ինքը դեռ պատրաստ չէ Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի վերացմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ ազատ առևտրի պայմանագրի կնքմանը։ Թուրքիայի համար առաջնահերթ համարվող Nabucco գազատարին Ադրբեջանի միանալու մտադրության մասին նույնպես ոչինչ չհայտարարվեց։
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայումս Էրդողանին ու Ալիևին ավելի շատ միավորում են հայկական ու քրդական գործոնները։ Նրանք համակարծիք են գրեթե միայն հայերին ու քրդերին առնչվող հարցերում։
Հենց դրա համար էլ թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասնորեն անդրադառնում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ Էրդողանի ու Ալիևի հայտարարություններին։ Թուրք-ադրբեջանական կողմը Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն օգտագործում է միջազգային հանրությանը սեփական խաղաղասիրության և ընդհակառակը՝ Հայաստանի «ագրեսիվությունն» ի ցույց դնելու համար։
Միևնույն ժամանակ թուրքական կողմին (Էրդողան) իրականում ամենից քիչ էին անհրաժեշտ Ադրբեջանի կողմից PKK-ն ահաբեկչական կազմակերպության որակելն ու հայկական կողմին (Լեռնային Ղարաբաղի ու Սարգսյանի հայտարարության հարցում) քննադատելը։
Փոխարենը, Թուրքիան ռեալ քայլեր է ակնկալում Ադրբեջանից. թուրքական տարածքով ադրբեջանական էներգակիրների ավելացում (Nabucco-ին Ադրբեջանի միացում, ինչը կավելացնի Թուրքիայից ունեցած Ադրբեջանի տարանցիկ մեծ կախվածությունը), Ադրբեջանի կողմից միակողմանիորեն Թուրքիայի նկատմամբ գործող անցագրային ռեժիմի վերացում, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքում, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) ճանաչում։
Ադրբեջանական կողմն էլ իր հերթին հասկացել է, որ Էրդողանը (Թուրքիա) միայնակ ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ ամենևին չի ցանկանում բախվել Ռուսաստանի հետ։ Հենց այս մասին օրեր առաջ արտահայտվեց ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ գտնելով, որ դա Թուրքիայի ուժերից վեր հարց է։ Միևնույն ժամանակ նա շարունակելու է ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական գործընթացի վերակենդանացումն ամեն գնով խոչընդոտելու համար։
Ուշագրավ է նաև այն, որ Բաքվում Էրդողանին դիմավորելու արարողակարգը կազմակերպվել է ընդամենը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մակարդակով։ Վերջինիս դերում կարող էին հանդես գալ ասենք վարչապետ Արթուր Ռասիզադեն, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և վերջապես հենց ինքը՝ Իլհամ Ալիևը։
Հատկանշական է, որ երբ հուլիսի սկզբին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը բերելու նպատակով Ադրբեջան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մամեդյարովը ստիպված եղավ ընդհատել իր իտալական ու ֆրանսիական շրջագայությունն ու վերադառնալ Ադրբեջան։











































