Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել Եվրոպայի առաջնորդներին չճանաչել օգոստոսի 9-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ում։ Նախկին թեկնածուն ընտրությունների արդյունքները կեղծված է անվանել։
«Ես ձեզ կոչ եմ անում չճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները»,- ասել է նա անգլերենով հնչեցրած իր ուղերձում։ «Իմ երկրում խաղաղ իշխանափոխությանը նպաստելու համար ես նախաձեռնել եմ Բելառուսի Ազգային համակարգող խորհրդի ստեղծումը, որը կղեկավարի երկխոսության միջոցով իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը»,- հավելել է Տիխանովսկայան։
Նրա խոսքերով՝ «խորհուրդն անհապաղ կնախաձեռնի նոր ազնիվ և ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացում միջազգային դիտորդների մասնակցությամբ»։ Նախկին թեկնածուն Եվրոպայի երկրների առաջնորդներին կոչ է արել նաև «հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, Բելառուսի ինքնիշխանությունը և բելառուս ժողովրդի ընտրությունը»։










































