Երևանը արդեն երկու օր է, ինչ գլխավոր ճարտարապետ չունի։ Արթուր Մեսչյանը հրաժարական է ներկայացրել։ Այս ընթացքում ճարտարապետական և մասնագիտական հանրույթի կողմից կարծիքներ են հնչում, որ քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է փոփոխության ենթարկվի, որ Երևանին գլխավոր ճարտարապետ հարկավոր չէ։ Այլ հարկավոր է քաղաքաշինարար, որը կհետևի քաղաքաշինական նորմերի պահպանմանը։
Ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Լենինականի գլխավոր ճարտարապետ, մի շարք խոշոր ճարտարապետական նախագծերի հեղինակ (Երևանի «Հրազդան մարզադաշտ», Գյումրի քաղաքի օդանավակայան, Երևանի Մարզահամերգային համալիր) Գուրգեն Մուշեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս թեմայի վերաբերյալ հետևյալ կարծիքը հայտնեց։ ՀՀ վաստակավոր ճարտարապետի խոսքերով՝ այն բոլոր երկրներում ու քաղաքներում, որտեղ չկան գլխավոր ճարտարապետներ, խոսում է մեկ փաստի մասին՝ նախքան գլխավոր ճարտարապետի նշանակումը այդ տարածքը ուսումնասիրվել է, արվել է նախագիծ, որը հիմք է հանդիսացել հետագա գործունեության համար։
«Մեզ մոտ նման մշակումներ գոյություն չունեն։ Ամեն ինչ նոր է ծնվում։ Մեկը պետք է ղեկավարի դա։ Եթե այս սիստեման ներդրված չէ քաղաքում ու չի աշխատում, ապա գլխավոր ճարտարապետի անհրաժեշտությունը կա։ Սովետական միության քաղաքներում այն ժամանակ կային գլխավոր ճարտարապետներ, ղեկավարը գլխավոր ճարտարապետն էր։ Հիմա գլխավոր հատակագծի ժամկետն արդեն լրանում է, պետք է գլխավոր հատակագիծ մշակել։
Դրա վրա պետք է կատարվեն մանրամասն աշխատանքներ։ Պետք է ամեն ինչը լավ նայվի, ուսումնասիրվի, դառնա փաստաթուղթ, որ ոչ ոք իրավունք չունենա հետագայում փոխել։ Հետագայում հարկավոր կլինի ադմինիստրատիվ աշխատող, որ զբաղվի այլ խնդիրներով, ոչ թե որոշում կայացնի՝ այսպես անել կամ՝ չանել։ Խոսքը այն տարածքների մասին է, որոնք ենթակա են կառուցապատման։ Դրանք պետք է ուսումնասիրվեն, քննարկվեն, դա մեկ հոգու խնդիր չէ, դա համակարգային խնդիր է։ Եթե ուսումնասիրվի, լուծումը տրվի ու այն ընդունվի որպես ճիշտ լուծում, դրանից հետո էլ հարկավոր չէ ոչ քննարկել, ոչ էլ․․․ Եթե կլինեն որևէ փոփոխություններ, դրա համար հատուկ կոմիսիաներ են լինում, որոնք քննարկում են ու ասում՝ պետք է փոխել, թե ոչ»,- տեսակետ հայտնեց ճարտարապետը։
Նա այլ երկրի օրինակ բերեց, թե ինչպես է քաղաքում ընդունվում կառուցապատման աշխատանքների վերաբերյալ որոշումները։
«1994 թվականին Մերլենդի համալսարանում վերապատրաստման էի։ Այնտեղ կար մի տեղ, որտեղ քննարկվում էր այդ հարցերից մեկը։ Կոմիսիան նստում էր, քննարկվում էր քաղաքի հատակագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտը։ Այնտեղ հավաքվում են նաև տվյալ համայնքի մարդիկ, որ իրենց կարծիքը ևս հաշվի առնվի, որից հետո կամ ասում են այո կամ՝ ոչ։ Ոչ թե մեկ մարդու խնդիր է։ Հիմա այստեղ այդ մշակումները չկան, թողել են մեկ մարդու ուսերին, որ ինքը ինչ ուզենա անի կամ՝ չանի։ Դա կլինի գլխավոր ճարտարապետ, համայնքապետ, քաղաքապետ և այլն։ Որոշումը մեկ հոգին կայացնում է, անցավ գնաց, ո՛չ հարևաններն են իմանում, ո՛չ ժողովուրդը»,- տեսակետ հայտնեց ճարտարապետը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ քաղաքին այս պահին գլխավոր ճարտարապետ հարկավոր է, քանի դեռ այս բոլոր քայլերը չեն կատարվել, մշակումները չեն իրականացվել։











































