Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Համակարգն ամբողջությամբ ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է կորպորատիվ ցանց, քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։

2020 թվականի օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։ Ակնկալվում է, որ 2021 թվականից «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվելու է։











































