Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հարաբերությունների բարելավման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ Ալ Նահյանի համատեղ հայտարարության մեջ, որի տեքստն իր Twitter-ում հրապարակել է ԱՄՆ նախագահը, մասնավորապես նշված է,․ «Պատմական այս շրջադարձը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»։
Իսրայելը, Էմիրությունների հետ հարաբերությունների բարելավման դիմաց, պարտավորվում է հրաժարվել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածի բռնակցման ծրագրերից։
«Կողմերը կշարունակեն իրենց ջանքերը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար, համապարփակ և վերջնական լուծմանը հասնելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
«Սա պատմական օր է», – մեկնաբանելով պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը, Twitter-ում գրել է Իսրայելի վարչապետը:
Աբու Դաբիի թագաժառանգի խոսքով՝ առաջիկայում կողմերը ճանապարհային քարտեզ կմշակեն, որը «կհանգեցնի երկկողմ հարաբերությունների հաստատմանը»։