Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կոչ է արել Բաշար Ալ-Ասադին հրաժարական տալ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը: Միաժամանակ Իսրայելի նախագահը հրապարակավ իր հարգանքն է արտահայտել սիրիացի ցուցարարաների նկատմամբ, որոնք «պայքարում են խաղաղության և մարդկային արժանապատվության համար»:
Իսրայելի իշխանությունները մինչև հիմա չէին արտահայտել իրենց դիրքրոշումը հարևան թշնամական պետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնիսկ ասել էր, որ այս զարգացումների վերաբերյալ իսրայելական ցանկացած հայտարարություն կարող է բացասաբար ազդել զարգացումների վրա:
Սակայն պետք է նշել, որ հակակառավարական ելույթները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, հաճախ անցնում են հակաիսրայելական կարգախոսներով: Պարզ չէ, թե ինչպես կազդի Շիմոն Պերեսի այս հայտարարությունը հետագա զարգացումների վրա: Սիրիայի գործող ռեժիմը կարող է Իսրայելի նախագահի հայտարարությունները ներկայացնել որպես միջամտություն Սիրիայի ներքին գործերին և կապել հակակառավարական ելույթները դրսի ազդեցությունների հետ:









































