Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով 300 միավոր ռազմական մեքենա է տեղափոխելու Հայաստան։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Չիկովանին նշել է, որ Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է․ Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի։ Վարչապետի խորհրդականը նշել է, որ պաշտոնական Թբլիլիսիի դիրքորոշումը հայտնի է բոլոր գործընկերներին։
«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ կոնկրետ ԶԼՄ-ներ տեղեկատվությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց հարմար է»,- ասել է Չիկովանին։ Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն տարածել էր ադրբեջանական «Հաքքին.ազ»-ը։