Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն այսուհետև կտրամադրվի նաև սահմանային անցակետերում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետև հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- նշել է Օհանյանը:
Նրա խոսքով` այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի մի քանի կետում` «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099), Шелковый путь» (32-й км МКАД), ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):
Մամուլում և համացանցում տեղեկություններ հրապարակվեց այն մասին, որ հայ արտանողներին դուրս են հանել նաև «Tвой дом» առևտրի կենտրոնից, որի սեփականատերերը ևս, ըստ հրապարակումների, ադրբեջանցի է՝ Արազ Ագալարով անունով։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը վստահեցրեց՝ այս պահին մեր խոշոր արտահանողները Մոսկվայում ապրանքի իրացման հետ կապված որևէ խնդիր չունեն։ «Ցանկացած խնդիր լինելու դեպքում, ինձ զանգում են, ես տեղյակ եմ։ Այս պահին մենք որևէ խնդիր չունենք»,- ասաց Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ «Tвой дом» առևտրի կենտրոնում Հայաստանից արտահանում իրականացնող որևէ մեքենա չի էլ եղել։ «Ես խոսել եմ մեր արտահանողների հետ այդ նորությունը կարդալուց հետո։ Մենք չունենք չունենք խոշոր արտահանող, ով այդ առևտրի կենտրոնում եղած լինի։ Անգամ շատերն այդ կենտրոնի մասին չգիտեին»,- ասաց Հերբերտ Համբարձումանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանից այս տարի ծիրանի արտահանումն այսքանով ավարտվեց, մեր արտահանողները կարողացան ամբողջ ապրանքն իրացնել․ «Այլ մրգեր, բանջարեղեններ կլինեն, բաց ծիրանն ավարտվեց, այս տարի արտահանումն այլևս չի իրականացվելու»։
Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ խոսակցություններ են հասել այն մասին, որ «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնի ղեկավարությունը, որտեղից դուրս էին հանել հայ գործարարներին, նորից պատրաստակամություն է հայտնել ընդունել հայ արտահանողներին։ Սակայն, Համբարձումյանի խոսքով, ոչ մի գործարար այլևս այդ առևտրի կենտրոն չի գնա։ «Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ այս պահին մենք արտահանման, ապրանքի իրացման մասով Մոսկվայում որևէ խնդիր չունենք։ Այնպես որ, կարող եք հանգիստ լինել»,- ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։









































