Դատարանը կարգադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին տնային կալանքի տեղափոխել, որը մինչ այդ բանտ էր վերադարձվել: Այս մասին հաղորդում է Associated Press- ը՝ վկայակոչելով ԱՄՆ շրջանային դատավոր Էլվին Հելլերշթայնի հայտարարությունը:
Դատավորը Քոենին բանտ վերադարձնելու որոշումը կառավարության պատասխանն է համարել նախկին փաստաբանի ծրագրերին՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփին քննադատող գիրք հրատարակելու:
Այս տարվա մայիսին Քոենի բանտարկությունը տնային կալանքի փոխվեց՝ կորոնավիրուսի վարակի վտանգի պատճառով, սակայն նա բանտ վերադարձվեց՝ տնային կալանքի պայմանները խախտելու համար:
Քոենը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման 2018 թվականի դեկտեմբերին: Նա իրեն մեղավոր է ճանաչել նախընտրական արշավների ֆինանսավորման օրենքները խախտելու և Թրամփի կողմից պոռնո-դերասանուհի Սթորմի Դենիելսին արված «լռության համար վճարումների» միջնորդը լինելու համար: Բացի այդ, Քոենը խոստովանել է, որ խուսափել է հարկերի վճարումից, ինչպես նաև կեղծ ցուցմունքներ է տվել Կոնգրեսին: