«Մենք թե՛ 2016թ-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՛ հիմա մթերումներն ամբողջովին արել ենք։ Այն ժամանակ էլ գյուղացիների կողմից խնդրանք էր եղել, որ թեկուզ գիշերվա ուշ ժամ էլ լինի՝ միևնույնն է՝ մթերման գործընթացը չկանգնեցվի և մենք էլ մեր հերթին համաձայնել ենք դրան՝ քաջ գիտակցելով ստեղծված լարված իրավիճակը և գործարանի դռները մինչև լուսաբաց բաց ենք պահել ու մթերման պրոցեսն անխոչընդոտ իրականացրել ենք։ Նույնը պատրաստ ենք անել նաև հիմա՝ այս իրավիճակում, որպեսզի մեր համայնքների բնակիչները գոնե այս առումով ոչ մի խնդիր չունենան»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, տիրող լարված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները ինչ-որ կերպ ազդե՞լ են այս ժամանակահատվածում մթերման գործընթացի վրա։
Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ, կոնյակ և պահածոներ։ Խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից։
Գործարանի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս փուլում մթերման գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պայմանավորված են մի շարք գործոններով։ Խնդիրների շարքում նա, օրինակ, առանձնացրեց դեռևս նախորդ տարվանից մթերված խաղողից ստացված գինու չիրացվելը, ինչպես նաև բանկերի կողմից վարկավորման խնդիրը, որի ուղղությամբ, տնօրենի վստահեցմամբ, ներկա դրությամբ՝ էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են վարում և փորձում են լուծումներ գտնել։
«Տարրաները կեսից ավելին լիքն են, այսինքն՝ վաճառքի ծավալը բավականին ընկել է։ Հիմա փորձում ենք Եվրոպայից նոր տարրաներ ներմուծել, որպեսզի կարողանանք անցյալ տարվա ծավալի չափ մթերում անել, հենց այսօրվա դրությամբ էլ գործարանում շինարարական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի տեղ ազատենք ու կարողանանք այս խնդիրը լուծել։ Նախորդ տարի, օրինակ, Արմավիրի և Տավուշի մարզից ընդհանուր առմամբ մթերել ենք մոտ 7․000 տոննա խաղող։ Չնայած այս տարվա համար պլանավորել էինք այս ծավալը մոտավորապես 20-30 տոկոսով ավելացնել, բայց դե տեսնենք առաջիկայում ինչ իրավիճակ կլինի, ինչպես կստացվի։ Հույս ունենք և ամեն ձև փորձելու ենք, որ եթե չկարողանանք մեր նախատեսածի պես ավել ծավալով մթերումներն անել, ապա գոնե պահպանենք նախորդ տարվա այս ցուցանիշը։ Այս պահի դրությամբ՝ պատրաստ ենք մթերել այդ 7․000 տոննայի դեռևս 50 տոկոսը, այսինքն՝ 3500 կամ առավելագույնը մոտ 4․000 տոննայի չափով։ Բայց, իսկապես, մեծ հույսեր ենք փայփայում, որ առաջիկա ամիսներին կկարողանանք հասնել մեր պլանների իրագործմանը և կունենանք այն ցանկալի արդյունքը, որը նախատեսել էինք»,-շեշտեց Ատոմ Եգորյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև․
«Մեր ունեցած տեղեկություններով՝ այս տարի գյուղացիների մոտ խաղողի բերքն ավելի շատ է լինելու, քան նախորդ տարի։ Բայց ես մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ մենք, որպես մթերող կազմակերպություն, պատրաստ ենք կանգնել մեր գյուղացիների կողքին և մթերումն անել, որովհետև մարդիկ անգամ թշնամու արկերի ու ռմբակոծության տակ չեն դադարում իրենց բերքը մշակել, իրենց հողը պահել ու որպեսզի անտեսանելի լինեն՝ անգամ գիշերով են խաղող քաղել ու մեքենայով բարձել-բերել են և մինչև լուսադեմ այդ խաղողը մթերվել է»։
Անդրադառնալով նաև մթերման գնին՝ Եգորյանն ասաց, որ հստակ արժեքը կարող է ասել, երբ սեպտեմբերից արդեն կսկսեն մթերել, սակայն նախնական գինը, օրինակ՝ սպիտակ խաղողի պարագայում 150 դրամն է, որը սակայն կարող է նվազել՝ կախված այն բանից, որ բերքի ծավալը շատ է, իսկ մթերողները՝ քիչ։
«Այս թիվը կարող է տատանվել մինչև 120-130 դրամ։ Բայց սա միայն խաղողի դեպքում, մինչդեռ մենք քանի որ արտադրում ենք նաև մրգային օղիներ, ապա մթերում ենք նաև կեռաս, բալ, մորի, մոշ և այլն։ Իսկ սրանց մթերման արժեքն ուրիշ է՝ արժեքն աճել է, որոհետև այս պահին Հայաստանից արտահանողները բավականին շատ են, մինչդեռ բերքի ծավալը՝ քիչ։ Նույնն է նաև ծիրանի դեպքում, այսինքն՝ այս տարի ծիրանի բերքի քանակի և որակի խնդիր ենք ունեցել և մենք չենք կարողացել անհրաժեշտ չափով մթերել։
Մեր ընդհանուր ապրանքի 80 տոկոսն արտահանվում է։ Արտահանման աշխարհագրությունն էլ բավականին լայն է՝ եվրոպական երկրներ, ԱՄՆ, Իսրայել, ԵԱՏՄ երկրներ և այլ։ Պահածոներն, օրինակ, ամբողջոթյամբ արտահանման համար է, իսկ խմիչքների 20 տոկոսն է միայն, որ ներքին սպառման համար ենք մատակարարում, մնացածն, ինչպես արդեն ասացի, արտահանման համար է։ Ճիշտ է՝ ապրիլ ամսին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտահանման ծավալների զգալի անկում ենք ունեցել, որովհետև կարանտին էր, արտակարգ դրություն և այլն, սակայն հիմա աստիճանաբար վերականգնվում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։











































