ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան Ռոբերտ Ղազարյանը, մեկնաբանելով վերջին շրջանում կաթողիկոսի հրաժարականը պահանջող կոչերը, «Առաջին լրատվականին» տված զրույցում ասաց, որ այն մարդիկ, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, պարզապես տեղյակ չեն, որ կաթողիկոսը հրաժարական չի տալիս:
Նրա խոսքով՝ կաթողիկոսն ընտրվում է եկեղեցական համապատասխան ժողովի կողմից ու ցմահ ու երբևիցե խոսք անգամ չի կարող գնալ նրա հրաժարականի մասին: «Իսկ նրանք, ովքեր նման բան են պահանջում, պարզապես տեղյակ չեն դրանից: Գիտելիքի պակաս է»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ Հայաստանում որևէ մարմին իրավասու չէ պահանջել կաթողիկոսի հրաժարականը:
«Նույնիսկ եթե կաթողիկոսը վատառողջ է, նշանակվում է տեղապահ, բայց մինչև մահ նա համարվում է Ամենայն հայոց կաթողիկոս: Հայոց կաթողիկոսների մեծագույն մասը եղել է նվիրյալ»,- հավելեց Ռ.Ղազարյանը:
Նրա խոսքով՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող մարմինները կամ անձինք միտումնավոր կերպով են դա անում, քանի որ եկեղեցին միշտ կանգնած է եղել պետության ու ազգային հարցերի լուծման ակունքներին: «Թուլացնելով եկեղեցին՝ թուլացնում են հայկական պետականության հիմքերը, օրինակ՝ ազատ դաշտ է ստեղծվում աղանդավորական կազմակերպությունների համար»,- ասաց պատմաբանը:
Եկեղեցին իր ամբողջ պատմության ընթացքում եղել է հայկական պետականության կողքին ու կրել պետականակիր ինստիտուտի դեր»,- խոսքը եզրափակեց Ռ.Ղազարյանը:









































