Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում տուրիզմի ոլորտը, դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Մերիդիան թրեվլ» տուրիստական գործակալության տնօրեն Նինա Գաբրիելյանի և «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության ներկայացուցիչ Վաչագան Սարգսյանի հետ:
Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Եգիպտոսի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր սահմանները բացել ԱՊՀ բոլոր երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի առաջ. չարտերային չվերթներով հնարավոր է կազմակերպել Հայաստանի բնակիչների հանգիստը Եգիպտոսի լողափերում: Ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ փուլում են բանակցությունները: Անդրադառնալով այս հարցին՝ Նինա Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը դեմ չէ, որպեսզի չարտերային թռիչքներով ՀՀ քաղաքացիները մեկնեն Եգիպտոս, խնդիրն այն է, որ վերադառնալուն պես բոլոր զբոսաշրջիկները 14 օր պետք է ինքնամեկուսացման ենթարկվեն, ինչը բավականին անհարմար է և ոչ շահեկան տուր ոլորտի համար, քանի որ մարդկանց արձակուրդի օրերը չեն բավականացնի: «Արաբական Էմիրությունները նույնպես պատրաստ են ընդունել ՀՀ քաղաքացիներին, փորձում են համաձայնության գալ Հայաստանի կառավարության հետ, որպեսզի օդանավակայանում վերադարձող զբոսաշրջիկները թեստավորում անցնեն, և եթե թեստը բացասական լինի, ինքնամեկուսացումը պարտադիր չլինի: Բայց կառավարությունից դեռևս պատասխան չկա»,- նշեց Նինա գաբրիելյանը՝ ընդգծելով նաև, որ եթե կառավարությունը չընդունի Եգիպտոսի և Արաբական Էմիրությունների առաջարկը, տուրիզմի ոլորտը կփլուզվի:
«Միայն ոլորտի ներկայացուցիչների համախմբված աշխատանքի արդյունքում կարող ենք ջրի երեսին մնալ»- նշեց Վաչագան Սարգսյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծել տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների խորհուրդ, մշակել ոլորտի գործունեության ստրատեգիան, և պետք է կառավարությունը լսի ներկայացված առաջարկները:
Մանրամասն՝ տեսանյութում:











































