Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ուրախությամբ եմ փաստում, որ այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհների և Սահմանադրության հրապարակի հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային բյուջեով:
Տեղում ծանոթացա իրականացվող շինաշխատանքների ընթացքին:
➡️2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:
✅Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284.805.790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:
➡️Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: Ընդհանուր 369.821.260 ՀՀ դրամ ծրագրային արժեքով՝ 45-55% համաֆինանսավորմամբ:
✅Ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:
Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից ակնկալում եմ սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ»,- գրել է Պետրոսյանը։








































