ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու է Ադրբեջանին պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը քննարկելու է Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը, հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Քվեարկությունը կայանալու է հուլիսի 20-ին: Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով միջոցներ և ծառայություններ չի տրամադրվի Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնա քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Փոփոխության նախագծին աջակցում են նաև Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը սպառնացել էր հարվածել Հայաստանից Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռներին:

Ֆրենկ Փալոնեի առաջարկած մեկ այլ նախագծով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի վերաբերյալ, որով նախորդ տաիներին Ադրբեջանին 120 միլիոն դոլարի պաշտպանական աջակցություն է տրամադրվել: