News Georgia-ի փոխանցմամբ՝ հուլիսի 29-31-ը Բաթումում տեղի է ունենալու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի՝ Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը։ Առաջնության գլխավոր հովանավորը Caucasus Online ընկերությունն է։
Վերջինիս Grand Cup գավաթը խաղարկելու են Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի 55 թիմեր։ Ժյուրիի անդամներն են հայտնի ինտելեկտուալներ և տվյալ խաղի բազմակի հաղթողներ Ալեքսանդր Դրուզը (Սանկտ Պետերբուրգ), Ալեքսանդր Ռուբինը (Մոսկվա), Իլյա Նովիկովը (Մոսկվա), Ելենա Պոտանինան (Օդեսա)։
Մրցաշարի բացումը տեղի է ունենալու հուլիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 14.00-ին, «Բասկո» բասկետբոլային դահլիճում։ Փակման ու պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.00-ին։ Նշվում է, որ նախորդ 12 առաջնություններում 5 անգամ հաղթել է Ադրբեջանի ընտրանին, 4 անգամ՝ Վրաստանը և 3 անգամ՝ Հայաստանը։











































