Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը երեկ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի պաշտոնակից Արման Կիրակոսյանի հետ:
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Այալոնը «շնորհակալություն հայտնեց Կիրակոսյանին բարեկամական հարաբերությունների համար և խոսեց երկու պետությունների միջև պատմական կապերի ու մշակութային ընդհանրությունների մասին»:
«Փոխարտգործնախարար Այալոնը ընդգծեց այն կարևորությունը, որ Իսրայելը տալիս է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների և գործնական համագործակցության շարունակական զարգացմանը: Այնուհետև նա հայտարարեց, որ հաճույքով կայցելի Երևան, և փոխարտգործնախարար Կիրակոսյանին հրավիրեց այցելելու Իսրայել»,- ասված է հաղորդագրությունում:
«Փոխարտգործնախարար Այալոնը վերահաստատեց հատուկ զգայունությունը, որ մենք՝ որպես հրեաներ, ունենք հայկական ողբերգության նկատմամբ»,- ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ Այալոնը նշել է նաև, որ Իսրայելը սատարում է բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը հասնելու՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:









































