ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր կայացած Հայ ազգային կոնգրես -իշխանություն երկրորդ հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան լրագրողների առջև՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր բանակցությունների ձևաչափը ձևավորվել է, և այդ խնդիրը հաջող կերպով լուծվել է. «Այսօր արդեն մենք գտնվում էինք լիարժեք բանակցությունների ռեժիմում և որոշեցինք լուծել ամենակարևոր հարցը: Այս պահին դա մեր բանակցությունների օրակարգի ձևավորումն է: Կարող եմ շնորհավորել ձեզ և ասել, որ օրակարգը ձևավորված է»:
Այնուհետև Լ.Զուրաբյանը լրագրողներին ներկայացրեց Հայ ազգային կոնգրես – իշխանություններ երկխոսության օրակագը՝ նշելով քննարկման հարցերը։ Առաջին՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկը. «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում, և դրանց ազատության, արդարության ու օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»:
Երկրորդը՝ կոալիցիայի առաջարկը. «ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում»:
Լ.Զուրաբյանը նշեց, որ երկխոսության օրակարգը ձևավորված է, և մյուս հանդիպումը կանցկացվի օգոսոտոսի 4-ին ժամը 12-ին, որի ընթացքում արդեն կողմերը կանցնեն բովանդակային քննարկումներին և ձևավորված օրակարգին:
Ինչ վերաբերվում է Կոնգրեսի պահանջներին, որ ներկայացվել էին երկխոսության արդյունավետությունը ապահովելու համար, ապա, ըստ Լ.Զուրաբյանի, իշխանությունների կողմից տրվել են հետևյալ պատասխանները. «Նրանք մերժում են և՛ ուղիղ հեռարձակումը, և՛ հանրային եթերի տրամադրումը, այսինքն՝ կես ժամ ամեն մի հանդիպումից հետո: Օգոստոսի 2-ի և մյուս հանրահավաքների իրազեկման համար պատրաստված տեսահոլովակների վերաբերյալ դեռևս պատասխան չունեն: Եվ երրորդը՝ ինչ վերաբերվում է ոստիկանության կողմից ահաբեկմանն ու տրանսպորտի աշխատանքի կազմալուծմանը՝ կոալիցիան առաջարկել է, որ այդ փաստերը տրամադրվեն իրենց պատվիրակությանը: Մենք արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ տրանսպորտի կազմալուծման վերաբերյալ բողոքների մի ամբողջ փաթեթ է ուղարկված կառավարության համապատասխան մարմին, և պարոն Հարությունյանը խոստացավ, որ այդ բողոքով կզբաղվի, և խնդրեց մեր մյուս հանրահավաքի խոչընդոտման վերաբերյալ բոլոր փաստերը տրամադրել ուսումնասիրության համար»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լ.Զուրաբյանը նշեց, որ Կոնգրեսի վերջնաժամկետը չի փոխվել, սեպտեմբերի վերջնաժամկետը մնում է ուժի մեջ: Որքանո՞վ է Կոնգրեսի համակարգողը հավատում արտահերթ ընտրությունների անցկացմանը։ «Այնքանով եմ հավանական համարում՝ որքանով հավանական է Հայաստանի առաջընթացը»,- նշեց Լ.Զուրաբյանը:
Լրագրողները նաև փորձեցին ճշտել՝ հնարավո՞ր է, որ համաձայնություն ձեռք բերվի, և Կոնգրեսը համաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կոնգրեսի համակարգողը նշեց, որ այսօր ոչինչ դեռևս չեն քննարկել և երկրորդ հանդիպման ժամանակը նվիրել են օրակարգի ձևավորմանը:
Լրագրողը հարց ուղղեց՝ եթե Կոնգրեսը իշխանություններին ոչ լեգիտիմ է համարում, ինչո՞ւ է նստում նրանց հետ բանակցությունների սեղանին։ «Երկխոսությունը կամ բանակցելը չի նշանակում հակառակ կողմի լիազորության կամ լեգիտիմության ճանաչում: Դա ընդամենը ստեղծված իրավիճակից դուրս գալու համատեղ փորձ է: Հայաստանում լրջագույն քաղաքական ճգնաժամ է, և դրա հաղթահարման խաղաղ ճանապարհը մենք համարում ենք լավագույնը, դրա համար էլ բանակցում ենք: Եթե խաղաղ ճանապարհով չստացվի՝ լինելու է առճակատում»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:









































