Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությունում իսկապես հիանալի լիցք է բավականին դժվար կացության մեջ գտնվող պետության և հասարակության համար:
Լրջագույն ներքին և արտաքին մարտահրավերներ ունեցող պետությունների համար նմանօրինակ հաղթանակները հոգեբանական վերելքի, հանրային վերածննդի էֆեկտ անգամ կարող են ունենալ: Այդ իմաստով, Հայաստանի շախմատիստները իսկապես արժեքավոր, շատ թանկ հաջողության են հասել: Սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ կարևորագույն խնդիրներից է հաջողության հասնելուց հետո այն պահելը, որ ինչ որ մեկը, կամ մարդկանց մի խումբ չփորձի այդ հաջողությունը սեփականաշնորհել: Իսկ Հայաստանում, ինչպես գիտենք, «սեփականաշնորհման» գործընթացը միշտ էլ եղել է ամուր հիմքերի վրա և հաղթանակը, ինչպես ասում են, միշտ էլ բազմաթիվ տերեր է ունեցել. պարտություններն են մնացել անտեր:
Եվ կասկած չկա, որ ներկայիս փայլուն հաղթանակը, որ նվաճեց Հայաստանի շախմատի հավաքականը, շատերի համար ախորժաբեր պատառ է արդեն թվում ինչ-ինչ խմբակային նպատակների սպասարկման համար: Շատ կարևոր է, որ այդ հաղթանակին տեր կանգնի հասարակությունը, որ հասարակությունը թույլ չտա սեփականաշնորհել իր տղաների ձեռք բերած հաղթանակը, թույլ չտա քաղաքականացնել այն:
Այդ հաղթանակը բոլորինս է և այն պետք է դառնա բոլորիս ոգևորությունը սնուցող, խթանող երևույթ: Ի վերջո, հատկապես ներկայում մենք ապրում ենք այսպես ասած նոր քաղաքական մշակույթի պայմաններում, կամ դրա սկզբնավորման ժամանակներում, ապա առավել ևս պետք է ձերբազատվել հին ախտանիշներից, որոնց թվում նաև համազգային, համապետական, համահայկական հաջողությունների խմբակայնացումն ու կլանայնացումն էր, հաջողությունը ազգի մի խմբի կողմից մեկ այլ հատվածի դեմ օգտագործելու արատավոր երևույթը: Ժամանակն է նոր մշակույթի սկզբնավորման պայմաններում առավել ևս հրաժարվել այդ հին արատներից:
Ավելին, եթե իսկապես կա նոր միջավայր ձևավորելու, ներհասարաիական, ներպետական հարաբերությունների նոր որակ հաստատելու, համազգային, համապետական կոնսենսուսի գալու իրական և անկեղծ կամք, հանուն հասարակական-պետական խնդիրների լուծման և նպատակների հասանելիության, ապա շախմատային նոր հաղթանակը ինքնին ոգևորիչ և տրամադրող հիանալի առիթ է այդ գործընթացի համար: