Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։
Ինչպես հաղորդում է հունական «Օրթոդոքսիա» (Orthodoxia) լրատվական գործակալությունը՝ ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդը հունիսի 30-ին ելույթ է ունեցել՝ Ստամբուլի եկեղեցիներից մեկում մատուցված պատարագից հետո․
«Այա Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջացնի»:
Պատրիարքը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պատկանում է համայն մարդկությանը և «թուրք ժողովուրդի» պատասխանատվությունն է ընդգծել այդ հուշարձանի համընդհանրությունը։
Նա նաև տեղեկացրել է, որ դեռևս 2016թ․ տաճարը մզկիթի վերածելու շուրջ իր մտահոգությունների վերաբերյալ նամակ է հղել Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզին։