Ամերիկյան կառավարության կողմից տարաբնույթ գիտական, կրթական ու քաղաքացիական ուսումնառության համար կազմակերպվող ԱՄՆ-ում ուսանելու բազմաթիվ ծրագրերից առաջնային ու կարևորելի է Մասքի ծրագիրը, քանի որ այն միակն է նշյալ ծրագրերից, որ նախատեսում է ծրագրի ավարտին մագիստրոսի աստիճանի շնորհում։
1in.am-ի հարցմանը «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայից» պատասխանեցին, որ անկախությունից ի վեր Մասքի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ԱՄՆ տարբեր համալսարաններում ուսանել է Հայաստանի 417 քաղաքացի։ Ընդ որում՝ նրանցից 99-ը աստիճան են ստացել Business և Business Administration մասնագիտությամբ, 60-ը՝ Economics, 33 հոգի՝ Education, 15 հոգի՝ Enviromental Studies, 21 հոգի՝ International Affairs, 17 հոգի՝ Journalism and Mass Communications, 34 հոգի՝ Law, 15 հոգի՝ Library and Information Science, 67 հոգի՝ Public Administration/Affairs, 30 հոգի՝ Public Health, 19 հոգի՝ Public Policy և այլ։
Հարց է առաջանում՝ որտե՞ղ են այս շրջանավարտները։ Ինչպես ցույց են տալիս նախնական ուսումնասիրությունները, Մասքի ծրագրի շրջանավարտների մի ստվար բանակ այժմ Հայաստանում չէ։ Իսկ նրանք ովքեր Հայաստանում են, հիմնականում աշխատում են միջազգային կազմակերպություններում։ Որքանո՞վ է մեր պետությունը հետաքրքրված այս ծրագրի շրջանավարտներով և շահագրգռված պետական կառույցներում որակյալ կադրեր ներգրավելով։ Այնպիսի տպավարություն է ստեղծվում, որ նման հարցերը պետական կառույցներին չեն հետաքրքրում։
Ցայսօր ընդամենը մեկ հայաստանյան նախարար ենք ունեցել և դեռ ունենք ամերիկյան մագիստրոսի աստիճանով՝ Վաչե Գաբրիելյան։ Եվս մեկ Մասքի շրջանավարտ էլ աշխատում է ՀՀ կառավարությունում՝ որպես վարչապետի օգնական։
Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը, գիտելիքի գերակայությունը, մասնագիտական հմտությունների կարևորումը հռչակած պետության տարբեր համակարգերում այլևս չկարողացանք գտնել Մասքի ծրագրի շրջանավարտների։
«Կրթության կառավարում» մասնագիտությամբ երեսունից ավելի շրջանավարտներից քանի՞սն են աշխատում Կրթութան նախարարությունում, կամ առողջապահությունից աստիճան ստացած կրկին մոտ երեսուն շրջանավարտներից քանի՞սն են առողջապահության նախարարությունում։
Շուտով ընտրություններ են։ Մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող կառավարման մագիստրոսներից քանի՞սը ներգրավված կլինեն կուսակցությունների ցուցակներում։
Միջազգային գիտակրթական ծրագրերը չեն սահմանափակվում միայն Մասքի ծրագրով. կան գերմանական DAAD և այլ ծրարգրեր, որոնց վերաբերյալ տվյալները չեն ներառվել ներկա ակնարկում։ Դրանց, ինչպես նաև վերջերս գործարկված հայկական «Լույս» ծրագրերին 1in.am-ը կանդրադառնա շուտով։












































