Հրապարակվել է պաշտպանության նախարարի տեսլականը պաշտպանության ոլորտի և Զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց. «Պաշտպանության նախարարի տեսլականը կարող է լրամշակման ենթարկվել: Փոխվել են նպատակները, զարգացել են իրավիճակի տերը լինելու հնարավորությունները, փոխվել և զարգացել է ԶՈւ կիրառությունը: Պաշտպանության նախարարը զարգացրել է իր արտահայտած մտքերը, սա թիմային աշխատանքի արդյունք է: Այս ծրագրի վերադաս ծրագիրը կառավարություն ծրագիրն է»:
«Զինված ուժերի խնդիրները չեն փոխվել, նպատակներն են որոշակի ճշգրտումների ենթարկվել: Հակառակորդի կողմից որոշակի գործողությունների սանձազերծման դեպքում ԶՈւ-ն հնարավորություն է ունենալու հստակ ուղենիշներով այնպես կազմակերպել մեր պաշտպանությունը, որ հակառակորդը շատ շուտ կորցնի պատերազմ վարելու իր հնարավորությունները: Դա ենթադրում է մեր սպառազինության մեջ գտնվող ցանկացած տեսակի զենքի օգտագործում և այնպիսի անվտանգության գոտու ստեղծում, որը հակառակորդին թույլ չի տա նման գործողություններ կազմակերպել… Մենք երբևիցե սպառազինության մրցավազքի մեջ չենք մտել հակառակորդի հետ, մենք որակի մրցավազքի մեջ ենք և բավականին լավ դիրքերում ենք, այսինքն՝ մենք գնում ենք այնպիսի սպառազինություն, որը բազմաֆունկցիոնալ է»,- նշեց Գաբրիել Բալայանը:
Համավարակը սառեցրել է հակամարտությունները, բայց պատերազմների սպառնալիքը չի վերացել: Եվ այս իրավիճակում Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր անգամ ժամ ու ժամանակ նշեցին, թե երբ կվերսկսվի պատերազմը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ պաշտպանության փոխնախարարն ընդգծեց. «Հակառակորդը բավականին ոգևորվել էր ՀՀ որոշ գործիչների հայտարարություններից: Բայց ո՛չ այդ հայտարարությունները, ո՛չ էլ հակառակորդի ոգևորությունը որևիցե կերպ չեն ազդում մեր Զու մարտունակության և մարտական պատրաստվածության վրա»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































