Հյուրանոցի սպասուհին, որը մեղադրում է ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին իրեն բռնաբարելու մեջ, երեկ առաջին անգամ հարցազրույց է տվել Newsweek-ին: Մինչ այդ, հետաքննության շահերից ելնելով, կնոջն արգելված էր զրուցել լրատվամիջոցների հետ:
Հարցազրույցը վերնագրված է «Սպասուհու պատմություն»: «Նրա պատճառով ինձ մարմնավաճառ են անվանում»,- լրագրողներին ասել է սպասուհին՝ նշելով, որ ցանկանում է ԱՄՀ նախկին ղեկավարին ապացուցել, որ գումարները նրան չեն օգնի խուսափել արդարադատությունից: Սպասուհին նաև մասնակցել է ABC հեռուստաալիքի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդմանը, որտեղ ասել է, թե նախկինում, այո, որոշ սխալներ գործել է, սակայն Ստրոս Կանի հետ կատարվածը և իր հայտարարություններն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ձերբակալված Ստրոս Կանը ազատ է արձակվել չհեռանալու ստորագրությամբ: Մեղմացման համար պատճառ էր հանդիսացել այն, որ քննիչները լուրջ հակասություններ էին նկատել սպասուհու ցուցմունքների մեջ, ինչպես նաև հայտնաբերել էին ապացույցներ, որ սպասուհուն ուղղորդել են: