Թուրքիայում կհանվեն մի շար լուրջ սահմանափակումներ, որոնք իշխանությունները մտցրել էին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին հունիսի 9-ին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Այսպիսով, լիովին հանվում է 18 տարեկանից ցածր անձանց փողոց դուրս գալու արգելքը։ 65 տարեկանից բարձր անձինք կարող են փողոց դուրս գալ ժամը 10․00-ից մինչև 20․00-ն։
Հուլիսի 1-ից որոշակի պայմաններով կաշխատեն կինոթատրոնները, թատրոնները, ցուցասրահները, հարսանյաց սրահները։ Բացի այդ, ռեստորանների, սրճարանների և ճաշարանների աշխատաժամանակը երկարաձգվում է մինչև կեսգիշեր։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի գիտնականները (TUBITAK) հաջողությամբ սինթեզել են Ֆավիպիրավիր դեղամիջոցը՝ COVID-19-ի բուժման համար։