Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ և նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հանդիպել է ոստիկանի մեղքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ։ Այս մասին հաղորդել է ընտանիքի փաստաբան Բենջամին Քրեմփը Twitter-ի իր էջում:
«Լսել միմյանց․ ահա թե ինչը կսկսի բուժել Ամերիկան: Հենց այդպես վարվեց Բայդենը Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ. նա լսում էր ավելի քան մեկ ժամ », – գրել է Կրեմփը, նշելով, որ Բայդենը կիսել է հանգուցյալի ընտանիքի վիշտը, ինչը նրանց համար «մեծ» նշանակություն է ունեցել:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: Այս ամենից հետո ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։







































