2011 թ.-ին ՀՀ բանկային համակարգով ոչ առևտրային փոխանցումների (տրանսֆերտների) զուտ ծավալի ամսական աճը կազմել է 26-28%: ԿԲ մայիս ամսվա տեղեկագրի համաձայն՝ հունվար-մայիս ամիսներին զուտ տրանսֆերտները կազմել են գրեթե 377.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը՝ 26.5%:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ տրանսֆերտները բյուջեից 1.5 անգամ ավելի օգնություն է մեր տնտեսությանը. «Մեր բյուջեն չի կարողանում ապահովել բնակչության կարիքները: Տրանսֆերտներն օգնում են հայ ժողովրդին միայն գոյատևել»:
Նրա խոսքով՝ համաշխարհային ճգնաժամը և երկրում աշխատատեղերի բացակայությունն ու դրանով պայմանավորված փոխանցումների ծավալներն արդեն սկսում են կրճատվել, քանի որ մարդիկ տեսնում են, որ այս կոռումպացված հասարակությունում տրանսֆերտները ոչ թե իրենց հարազատների գոյատևմանն օգնելուն են ծառայում, այլ առնվազն 30-50%-ով գնում են դեպի կոռուպցիոն համակարգ՝ բանկային, դրամի արժևորման միջոցով տրանսֆերտային միջոցները գրպանում են գնաճի զսպմանը կոչված ԿԲ-ն և այլ մարմիններ, այդ իսկ պատճառով շատերը որոշում են իրենց ընտանիքներին տանել իրենց հետ և այլևս տրանսֆերտ չուղարկել Հայաստան:
Նշելով, որ պաշտոնական տվյալների մեջ ներառված չեն ծանոթների միջոցով ուղարկված տրանսֆերտները՝ Մ. Արիստակեսյանը շեշտեց, որ տրանսֆերտների աճով չէ, որ պետք է ուրախանանք, այլ տնտեսության աճը պետք է ապահովենք 20-26%, որ ուրախանալու առիթ ունենանք: Տրանսֆերտների աճը չի կարող լավ ապրուստի ցուցանիշ լինել:
Հիշեցնենք, որ սկսած 2003 թ.-ից մինչև մինչճգնաժամային շրջանը զուտ մասնավոր տրանսֆերտների տարեկան աճը կազմել է 30-40%: Այն սկսել է դանդաղել 2008 թ.-ի վերջերին, և տարեկան կտրվածքով 2008 թ.-ին Հայաստան փոխանցված զուտ մասնավոր տրանսֆերտների 24% աճ է եղել: 2009 թ.-ին մասնավոր զուտ տրանսֆերտները, 2008 թ.-ի համեմատ, նվազել են շուրջ 41%-ով:











































