Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Կովկասի ռեսուրսների հետազոտական կենտրոնի տվյալներով, 2010 թվականին Վրաստանում բնակվող ընտանիքների միայն 23 տոկոսն է ունեցել անհատական համակարգիչ։
Համակարգիչներից օգտվողների հիմնական տարիքը կազմել է 16-30 տարեկան։ Նրանք հիմնականում ձեռք են բերում խաղերի համար նախատեսված համակարգիչներ։ Իսկ մինչև 45 տարեկան, երբեմն ավելի բարձր տարիք ունեցող անձինք ձեռք են բերում հզոր գրաֆիկական կոնֆիգուրացիա ունեցող համակարգիչներ։ Ընդհանուր առմամբ, նոութբուքեր գնում են 30-ից բարձր տարիք ունեցողները։
Վրաստանի երկու խոշորագույն էլեկտրոնային տեխնիկայի խանութներն ամսական վաճառում են 500-800 համակարգիչ։ Նրանց ներկայացուցիչները նշում են, որ համակարգիչների տարեկան վաճառքի ցուցանիշները գնալով աճում են։
Վրաստանում վաճառվող համակարգիչների թվում ամենահանրաճանաչ բրենդը HP-ն է, ապա գալիս են Asus-ը, Dell-ը, Sony-ն և Toshiba-ն։ Համակարգիչների ու դրանց աքսեսուարների ներկրումը հիմնականում իրականացվում է Թայվանից, Դուբայից, Թաիլանդից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Վրաստանում բացվելու է տարածաշրջանի առաջին համակարգիչների արտադրության գործարանը։ Համաշխարհային Intel հսկայի հետ համատեղ անցկացվող այս նախագծի շրջանակներում նախատեսվում է տարեկան արտադրել 300,000 համակարգիչ, ինչը հետագայում կարող է ավելացվել։
Թբիլիսիում գտնվող համակարգիչների այդ գործարանն արտադրելու է ամեն տիպի համակարգիչներ։ Վրացական արտադրության համակարգիչները կարտահանվեն Ադրբեջան և Հայաստան։











































