4 օր շարունակ Ֆրանսիայի ոստիկանությունը փնտրում էր մի երիտասարդ կնոջ, որին, ըստ ականատեսների, առևանգել էին մի խումբ մարդիկ և նստեցնելով լիմուզինի մեջ՝ տարել էին անհայտ ուղղությամբ: Միջադեպը տեղի էր ունեցել Պրիվա քաղաքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Նույնիսկ հայտարարվել էր հետախուզում, բայց տարօրինակն այն էր, որ առևանգման և անհետացման ոչ մի դիմում չէր ստացվել:
4 օր անց աղջկան հայտնաբերել էին երկրի հարավում՝ Վերին Գարոնա դեպարտամենտում: Ընդ որում՝ հայտնաբերման մասին հայտնել էր հենց աղջկա մայրը: Ոստիկանները չէին էլ հասկացել, որ դա առևանգում չի եղել, այլ հարսանեկան արարողության մի մաս, որն իրականացրել էին Ֆրանսիայում ապրող մի քանի չեչեններ. հարսնացուի առևանգումը կովկասյան հարսանիքների անբաժանելի մասն է կազմում: Ֆրանսիայում այս մասին գրեթե ոչ մեկ չգիտի:
Այդուհանդերձ, Ֆրանսիայի ոստիկանները սրան լուրջ են վերաբերվել, մանավանդ, որ վերջին ամիսներին երիտասարդ կանանց մի քանի սպանություններ են եղել Ֆրանսիայի տարբեր շրջաններում:











































