Վիեննայի ոստիկանությունը ժամը 23:00-ից հետո սրճարանում բռնել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին կնոջ հետ միասին, ինչը կոռոնավիրուսի համավարակի ընթացքում կանոնների խախտում է համարվում: Այս մասին գրում է Kronen Zeitung թերթը: Օրենքի համաձայն, համավարակի ընթացքում Ավստրիայում բոլոր սրճարաններն ու ռեստորանները կարող են աշխատել միայն ժամը 6․00-ից մինչև 23․00։
Իրավապահները իտալական ռեստորան են ժամանել ժամը 00․18-ին և պատշգամբում սեղանի շուրջ տեսել են նախագահին՝ կնոջ և ընկերների հետ։
Ռեստորանի տիրոջ խոսքերով, նա վերջին ըմպելիքները մատուցել է 23,00-ին և փակել է ռեստորանը։ Դրանից հետո նախագահը կնոջ հետ պատշգամբում է եղել։
Ավստրիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ այս ողջ ընթացքում առաջին անգամ է կնոջ և երկու ընկերների հետ դուրս եկել ընթրելու։
«Մենք զրուցում էինք և ցավոք մոռացել էինք ժամանակի մասին։ Ես խորապես զղջում եմ։ Դա մեծ սխալ էր։ Եթե ռեստորանի տերն ինչ-որ վնասներ կրի, ես դրա համար պատասխան կտամ», —ասել է նա։