Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Բաթումում տեղի է ունեցել «Վրաստանի եվրոպական ճանապարհը» խորագրով 8-րդ միջազգային կոնֆերանսը, որի մասնակիցները (այդ թվում նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն) քննարկել են ժողովրդավարության զարգացման, անցագրային ռեժմի վերացման և առևտրային հարաբերությունների զարգացման հարցերը։
Կոնֆերանսում ելույթ է ունեցել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով մասնակիցների ուշադրությունն է հրավիրել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ նաև ԵՄ հետ Վրաստանի մերձեցման և երկրում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների վրա.
«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ, առանց այս երկրին Ձեր աջակցության, հնարավոր է՝ այն ընդհանրապես չլիներ։ Շնորհակալ եմ Ձեր տված խորհուրդների ու աջակցության համար։ Փոքր երկրի համար, որի առջև ծառացած են բարդ մարտահրավերներ, շատ կարևոր է, որ կան այնպիսիք, ովքեր աջակցում են մեր երկրին և հավատում, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։
Եթե Դուք անցնեք Բաթումի փողոցներով, ապա կհամոզվեք, որ այն Արևելյան Եվրոպայի ամենաեվրոպական քաղաքներից մեկն է։ Մի քանի տարի առաջ մենք այստեղ տեղափոխեցինք Սահմանադրական դատարանը, որով և ստացանք կարևոր փորձ։ Հաջորդ տարի Քութայիսի է տեղափոխվում Վրաստանի խորհրդարանը, ինչը շատ կարևոր նշանակություն է ունենալու։ Դա կհանդիսանա յուրօրինակ փորձարկում, քանի որ արմատապես կփոխվի սոցիալական ու քաղաքական հոգեբանությունը»։










































