Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Դոն Պիպոյին արդարացրած դատավորը բեկանել է 11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող տղամարդու դատական ակտը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Ռուստամ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ:

11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող խորթ հայրը՝ Ռուստամ Մ.-ն, ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր: Հավելենք, որ նույն դատավորը՝ Հրաչիկ Սարգսյանը, օրերս արդարացման դատավճիռ է կայացրել նաև Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը Ռուստամ Մ.-ի արդարացման դատավճիռը բեկանել ու կայացրել է մեղադրական դատական ակտ:

33-ամյա Ռուստամին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և երեք դրվագով տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Ռուստամը երեք դրվագով բռնություն էր գործադրել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ Օ.-ի նկատմամբ, իսկ սպանության մասով տուժողը փաստական կնոջ 11 ամսական որդին էր, որի կենսաբանական հայրը չլինելով՝ Ռուստամը հայրություն էր ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝  2018 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուստամ Մ.-ն, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, ուշ երեկոյան Արմավիրի մարզում գտնվող անասնագոմերի տարածքում կառուցված ժամանակավոր կացարանում վիճել է կնոջ՝ Օ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում նա, ըստ մեղադրանքի, մետաղե ձողով մի քանի անգամ հարվածել է կնոջ մեջքին, ոտքերին՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև ձեռքով մի քանի անգամ հարվածել է տասնմեկ ամսական երեխայի գլխին ու դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը իննի սահմաններում կացարանում գտնվող Ռուստամը տասնմեկ ամսական երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով «ձեռքի ափով ու բռունցքներով հարվածել է երեխայի դեմքին, ապա նրան դեմքն ի վար շրջել է անկողնու վրա, բռունցքներով մի քանի հարված է հասցրել մանկան մեջքին, գլխին, մարմնիկի այլ մասերին, պատճառել է արյունազեղումներ, ծոծրակոսկրի կոտրվածք, գլխուղեղի կարծր թաղանթի գագաթածոծրակային շրջանի արյունազեղում, արյունահավաքներ, ուղեղանյութի արյունազեղում, կողոսկրերի կոտրվածքներ և այլ վնասվածքներ:

Կինը՝ Օ.-ն, մոտեցել ու փորձել է խանգարել, բայց  Ռուստամը, ըստ մեղադրանքի, բռունցքով ու բաց ափով հարվածներ է հասցրել Օ.-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տասնմեկ ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու մահացել է:

Դատարանում Ռուստամ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա հայտնել է, թե Օ.-ի հետ ամուսնացել է 2017 թվականին, ամուսնությունը չեն օրինականացրել: Երբ ամուսնացել են, Օ.-ն նախկին ամուսնուց 10 ամսական հղի էր: Ինքն ընդունել է երեխայի հայրությունը,  ծնվելուց հետո պահել է նրան: 2018  թվականի սեպտեմբերի սկզբներին Արմավիրի մարզում  անասնապահի աշխատանք է գտել, կնոջ, երեխայի հետ բնակություն են հաստատել անասնագոմին կից կացարանում: Ինքն ու կինն ապրել են հաշտ: Նրան ու նորածին երեխային ինքը երբևէ չի խփել, ցավ չի պատճառել, «նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է երեխային, կերակրել է…»:

Ըստ ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել, շատ հարցերում էլ մեղադրել է կնոջը: Ի սկզբանե ինքն ու կինը ճիշտ ցուցմունքներ չեն տվել: Օ.-ն մեղքը բարդել է իր վրա, ինքը, պաշտպանվելով, նրան է մեղադրել: Իրականում ո՛չ ինքը, ո՛չ կինը երեխայի մահվան հարցում մեղք չունեն, նրան չեն հարվածել, «անգամ  անզգուշությամբ վայր չեն գցել ու վնասվածքներ չեն պատճառել»: Ինքը չի հարվածել նաև կնոջը, քանի որ նախկինում էլ, ներկայումս էլ նրան շատ է սիրում, իրենք արդեն ունեն իրենց նորածին երեխան: Երբ կինը հղի էր, առավել ևս նրա նկատմամբ բռնություն չի գործադրել…

2018 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան ինքն ու կինը գնացել են գոմ՝ աշխատելու, երեխան քնած է եղել: Երբ գործն ավարտել ու կացարան է վերադարձել, երեխան լաց էր լինում: Այդ օրերին երեխան անհանգիստ էր: Ինքը գնացել է գոմ, քիչ անց վերադարձել, մոտեցել է երեխային, տեսել է՝ նա դեմքի վրա շուռ է եկել ու չի շնչում: Ինչքան հնարավոր է՝ արհեստական շնչառություն է տվել, փորձել է օգնել, բայց երեխան չէր շնչում: Գոռալով կանչել է կնոջը, ասել է՝ չկա երեխան: Կինը ուշաթափվել է: Ինքը կնոջը դրել է տեղաշորին, կինը հղի էր, ինքը վախեցել է նրա ու երեխայի առողջության համար: Իրենք համաձայնության են եկել, որ ասեն, թե երեխան ընկել է, բայց իրականում երբ իրենք գտնվում էին Գյումրիում, երեխան իրոք ընկել էր իր քրոջ ձեռքից ու գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Ինքը քրոջ անունը չի ուզեցել տալ:

Ինքը գործատուին ասել է, թե կինը լավ չի զգում, գործատուն մեքենայով իրենց տարել է Արմավիրի հիվանդանոց: Կնոջը ստուգել ու ասել են, թե ամեն ինչ նորմալ է, նա միայն հուզված է: Իսկ հաջորդ օրն իրեն ձերբակալել են:

Նախկինում ինքն աշխատում էր Գյումրիում, կինը եկել էր իրեն օգնելու, երեխան մնացել էր քրոջ մոտ:Երբ աշխատանքը վերջացրել են, քույրն ասել է, թե երեխան լավ չի,  համարյա չի շնչում: Երեխային տարել են հիվանդանոց, բժիշկներն ասել են՝ թունավորվել է: Երեք օր հետո երեխային տեղափոխել են Երևանի հիվանդանոց, այնտեղ իմացել են, որ երեխան գանգոսկրի կոտրվածք ունի: Երեխային դուրս գրելու ժամանակ բժիշկն ասել է՝ հնարավոր է՝ երեխային վիրահատելու կարիք լինի: Բայց երեխան կարծես թե դեպի լավն է գնացել: Հետո՝ մինչև մահանալը, մոտ տասն օր երեխան էլի անհանգիստ էր, լաց էր լինում, ախորժակ չուներ: Երեխայի մահվան կոնկրետ պատճառն իրեն անհայտ է, բայց ինքը ենթադրում է, թե դա կապ ունի Գյումրիում երեխայի  ընկնելու հետ: Իրենք այնտեղ ոստիկանություն չեն դիմել, որ քրոջը վնաս չտան: Ոստիկանությունում կինն ասել է, թե երեխայի ընկնելու ժամանակ ներկա է եղել, բայց դա ճիշտ չէ:

Երեխայի մահից հետո կինը սուտ ցուցմունքներ է տվել՝ իբր ինքը խմած վիճակում ծեծել է նրան ու երեխային, իբր երեխան իր ծեծի հետևանքով է մահացել: Բայց ո՛չ ինքը, ո՛չ կինը երեխայի մահվան հարցում մեղք չունեն: Իրենք ոչ մի հանցավոր արարք չեն գործել, իրենց հայտնի չէ երեխայի մահվան բուն պատճառը: Ինքը կնոջն ու այդ երեխային շատ էր սիրում, անգամ իր ընտանիքից հեռացել էր, որ  Օ.-ի հետ ապրի:

Ռուստամ Մ.-ն հայտնել է, թե ինքն անմեղ է, խնդրել է իրեն արդարացնել:

Կինը՝ Օ.-ն, նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե իր մեծ որդին՝ 2016 թվականին ծնված, Լոռու մարզում խնամատար ընտանիքում է: 2017 թվին ինքն ամուսնալուծվել է, այդ ժամանակ մեկ ամսական հղի էր: Դեկտեմբերին տղա է ծնվել: Նա կրել է իր ազգանունը: Երեխայի ծնվելուց մեկ ամի առաջ ինքը ծանոթացել էր Ռուստամի հետ: Նա, իմանալով իր հղիության մասին, խոստացել էր ճանաչել հայրությունը ու հոգ տանել երեխայի համար:

Ինքն ու Ռուստամը մշտական բնակության վայր չունեին: Տեղից տեղ էին գնում, անասնապահությամբ էին զբաղվում: Ռուստամը խմիչքը չարաշահում էր, դրա պատճառով իրենք վիճում էին…

Նախաքննական ցուցմունքում Օ.-ն հայտնել է, թե երեխային ու իրեն ծեծի է ենթարկել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ռուստամը: Տեսնելով, որ երեխան չի շնչում, մահացել է, Ռուստամը գործընկերոջ հետ նախիրը տարել է դաշտ ու վերադարձել է: Իրենց գործատուի մեքենայով գնացել են Արմավիր, որ ինքը հղիության հետ կապված՝ «կոնսուլտացիա անցնի»: Ռուստամը պահանջել է երեխայի մահվան մասին գործատուին չասել: Նա մեքենայով իրենց տարել է Արմավիր, հետ է բերել՝ այդ ողջ ընթացքում մահացած երեխան իր գրկում էր, ինքը հիվանդանոցում էլ ոչ մի բան չի ասել: Երբ վերադարձել են, Ռուստամը գնացել է դաշտ, դաշտից եկել է հարբած վիճակում, ասել է՝ երեխային հուղարկավորենք, կասենք՝ մայրս ու քույր երեխային տարել են: Ռուստամն ասել է՝ հետքը պետք է կորցնել, որ ինքը չդատվի: Նա ասել է՝ մայրը դու ես, երեխայի մահվան պատասխանատվությունը ընկնելու է քո վրա…

Այդ օրը Ռուստամը հեռախոսով խոսել է քրոջ հետ, ասել է՝ մարդիկ կան, ուզում են երեխային որդեգրեն… Ինքը զայրացել, ասել է՝ թեման փակի, էլ էդ թեմայով չխոսես, երեխուս սպանել-պրծել ես, նոր ես որդեգրում… Ռուստամը սպառնացել ու վախեցրել է իրեն, պահանջել է ոչ մեկին չասել երեխայի մահվան մասին: Երեկոյան գնացել են խանութ, օղի են գնել, նստել են մի տաքսի: Երեխան իր գրկում էր՝ ծածկոցի մեջ փաթաթած: Մի կես ժամ երթևեկելուց հետո Ռուստամը մեքենան կանգնեցրել է դաշտում, վարորդը հարցրել է՝ էս ամայի տեղը երեխայի հետ ի՞նչ եք անելու:

Ռուստամն ասել է, թե մայրն ու քույրը գալու են իրենց հետևից: Տաքսու վարորդին ասել են՝ երեխան քնած է: Տաքսու հեռանալուց հետո իրենք մոտ կես ժամ քայլել են դաշտում: Ռուստամն ընկնում էր, քանի որ հարբած էր, ինքը նրան օգնում-բարձրացնում էր: Ռուստամն այդ դաշտին ծանոթ էր, այնտեղ աշխատել էր գարնանը: Նա մոտակայքից բահ է վերցրել, ոչ խոր փոս է փորել, պահանջել է հանել երեխայի հագուստը: Ինքը հրաժարվել է: Ռուստամը փոսի մեջ կարմիր խալաթ է փռել, երեխային իր ձեռքից խլելով՝ դրել է փոսի մեջ, չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ նա էլ է ընկել փոսը ու սկսել է լաց լինել: Երեխայի վրա հող է թափվել: Ինքը չի դիմացել, երեխային մի կերպ փոսից հանել ու փախել է դեպի ասֆալտապատ ճանապարհ, պատահական մեքենայով գնացել է Արմավիրի հիվանդանոց…

Դատարանում կինը ամբողջությամբ հերքել է նախաքննական ցուցմունքը, պնդել է, թե Ռուստամը երբեք իրեն ու երեխային չի ծեծել, ֆիզիկական ցավ կամ վնասվածքներ չի պատճառել: Երեխայի մահվան պատճառն այն է, որ Գյումրիում վայր էր ընկել, ստացել գլխի վնասվածքներ, իրենք այն ժամանակ ճիշտը չեն  ասել՝ չցանկանալով Ռուստամի քրոջ անունը տալ:

Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ Ռուստամին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատելու համար: Դատավճռում արձանագրվել է. «Նախաքննական մարմինը Ռուստամ Մ.-ի մեղադրանքի հիմքում դրել է միայն տուժող, տուժողի իրավահաջորդ Օ.-ի նախաքննական ցուցմունքը, որը նա ամբողջությամբ հերքել է դատաքննական ցուցմունքով»:

Ըստ դատական ակտի՝ նախաքննական մարմինը չի պարզել երեխային մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, իսկ դատաքննությամբ, ըստ դատական ակտի, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցներն ու հնարավորությունները: «Ըստ էության՝ նախաքննությամբ ու դատաքննությամբ չի հիմնավորվել, որ տուժած երեխային հարվածներ հասցրել ու մահ է պատճառել Ռուստամ Մ.-ն»:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է Ռուստամ Մ.-ի անմեղությունը, նրան արդարացրել է՝ մեղսագրված արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով»:

Կալանքի տակ գտնվող Ռուստամ Մ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Այս արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Ա. Սահակյանը:

Բողոքաբերը նշել է, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է սխալ դատական ակտ՝ թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում: Ըստ դատախազի՝ գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ռուստամ Մ.-ն կատարել է մեղսագրված արարքները:

Ըստ մեղադրողի՝ տուժող և մանկահասակ տուժողի իրավահաջորդ Օ.-ի՝ դատարանում տված ցուցմունքներն արժանահավատ չեն, դրանք նպատակ են հետապնդել ամբաստանյալին քրեական հետապնդումից ազատելու:

Մեղադրողը նշել է, որ Օ.-ի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել շուրջ յոթ ամիս տևած դատաքննության ընթացքում Օ.-ի դրսևորած վարքագիծը, այն, որ նա բազմիցս հայտարարություններ է արել ամբաստանյալի կողմից իրեն ծեծելու, մանկահասակ երեխային ծեծելով սպանելու վերաբերյալ:

Մեղադրողը խնդրել է բեկանել արդարացման դատական ակտը, Ռուստամ Ա.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը, ինչպես նաև տուժող ու մանկահասակ տուժողի իրավահաջորդ  Օ.-ն խնդրել են մերժել դատախազի վերաքննիչ բողոքը, արդարացման դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ անփոփոխ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատական ակտը ենթակա է բեկանման, քանի որ Ռուստամ Մ.-ի մեղավորությունը մանկահասակ երեխայի սպանության մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, հիմնավորված է թույլատրելի ու վերաբերելի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Երեխայի մահը եղել է բռնի, դա հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ: Երեխայի գլխի շրջանում ու մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներ են արձանագրվել՝ ծանրության տարբեր աստիճանների: Առաջին ատյանի դատարանն էլ է փաստել երեխայի սպանության դեպքի առկայությունը, սակայն եզրահանգել է, թե ապացուցված չէ Ռուստամ Մ.-ի մասնակցությունը հանցավոր արարքի կատարմանը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մանկահասակ երեխայի մահը վրա է հասել դեպքի օրը՝ րոպեներ առաջ պատճառված վնասվածքների հետևանքով, ուստի վեց ամսվա վաղեմության՝ Գյումրիում վայր ընկնելուց ստացած վնասվածքի հետևանքով երեխայի մահանալու՝ ամբաստանյալի ու տուժող Օ.-ի  վարկածը «արհեստածին է, հերքվում է փորձագիտական եզրակացությամբ»: Երեխայի մարմնի բոլոր հատվածներում տեղակայված են եղել վնասվածքներ՝ մահվան հետ կապ ունեցող ու չունեցող, բոլորն էլ պատճառվել են մինչև մահը:

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ դատաքննության արդյունքներով հիմնավորվել է՝ որևէ այլ անձ սպանության դեպքի օրը մանկիկին չի մոտեցել, նրան վնասվածքներ չի պատճառել: Դեպքի օրը երեխան վայր չի ընկել: 11 ամսական երեխան ինքնուրույնաբար չէր տեղաշարժվում, բացառվում է, որ անզգուշությամբ մարմնական այդքան վնասվածքներ ստացած լինի, նա մարմնական վնասվածքները ստացել է … անկողնում գտնվելու ժամանակ… Դեպքի օրը երեխայի հետ դեպքի վայրում գտնվել է Ռուստամ Մ.-ն, նա ինքն էլ նախաքննության ու դատաքննության ընթացքում ընդունել է դա: Երեխային արհեստական շնչառություն, իբր թե, տալու ընթացքում անհնար էր նրան պատճառել այն վնասվածքները, որոնք արձանագրվել են երեխայի մարմնին, հատկապես գլխուղեղի ծանր վնասվածքները, որոնք անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են մահվան հետ:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը մանկահասակ տուժողի իրավահաջորդ Օ.-ի ցուցմունքների արժանահավատությունը ստուգելիս, հաշվի առնելով այդ ցուցմունքների կարևորությունը, «պարտավոր էր ցուցաբերել առավել հետևողականություն և բարեխղճություն, ինչը պատշաճ կարգով չի կատարել»:

Օ.-ն ամբողջ նախաքննության ընթացքում հայտնել է, թե որդու սպանությունը կատարել է Ռուստամ Մ.-ն, նա այդ ցուցմունքները պնդել է նաև առերես հարցաքննության ժամանակ: Իր նախաքննական ցուցմունքներից Օ.-ն հրաժարվել է դատաքննության ավարտական փուլում:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է. «Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելիս ու գնահատելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա՝ հանգեցրել են ամբաստանյալին արդարացնելուն»:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արշակ Վարդանյան, Մխիթար Պապոյան, Սերգեյ Մարաբյան կազմով, մասնակիորեն բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը և բեկանել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատական ակտը:

Վերաքննիչ դատարանը հաշվի է առել, որ Ռուստամ Մ.-ի խնամքին է մանկահասակ երեխան՝ 2019 թվականի հունվարի 18-ին ծնված դուստրը:

Ռուստամ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է անազատության մեջ եղած ժամանակահատվածը՝ 1 տարի 2 ամիս 27 օրը, թողնվել է կրելու 6 տարի 9 ամիս 3 օր իրական ազատազրկում, որի սկիզբը կհաշվվի Ռուստամ Մ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ վերաքննիչ դատարանի դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Ռուստամ Մ.-ի խափանման միջոցը թողնվել է չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում