Այս պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճշգրիտ տեղեկություններ չունի առ այն, որ Վուհանում գտնվող շուկան կարող էր նոր կորոնավիրուսային վարակի սկզբնաղբյուր դառնալ: Նման հայտարարություն է արել Կենդանիներից փոխանցվող վարակների և սննդի անվտանգության հարցերով ԱՀԿ-ի փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը՝ նշելով, որ այդ վայրն, այնուամենայնիվ, որոշակի դեր խաղացել է:
Էմբարեկը չի բացառել, որ գնորդներից կամ վաճառողներից մեկը կարող էր վարակը հասցնել շուկա, որից հետո այն տարածվել է բնակչության շրջանում:
«Սա կարող է բացատրել, թե ինչպես կարող էին վարակվել որոշ մարդիկ, որոնք կապ չունեին շուկայի հետ: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել բռնկման սկզբում»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյն ասել էր, որ COVID-19 կորոնավիրուսի գեների մանրամասն ուսումնասիրությունն ապացուցում է, որ վարակը բերվել է Վուհան և ոչ թե ծագել է այնտեղ:
Դիվանագետը զրպարտություն է անվանել Չինաստանին հիվանդության տարածման մեջ մեղադրելու փորձերը: