Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Մարալիկ և Ձորակապ համայնքներում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Պարետի որոշումով ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ Համայնքում մուտքն ու ելքը սահմանափակված է։
Հիշեցնենք, որ Մարալիկ քաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են բժշկական կենտրոնում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարալիկի առողջապահական կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անուշիկ Հովսեփյանը, ով իր անձնակազմի հետ ապրիլի 13-ից գտվում էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նշեց, որ բուժումն, ըստ էության ավարտվել է, թեստավորում են իրականացրել։ «Մեզ այսօր թեստավորում են իրականացրել։ Պատասխանը վաղը կլինի։ Դրանից հետո կրկնակի թեստավորում կիրականացվի ու բացասական պատասխանի դեպքում մենք դուրս կգրվենք»,- մեզ փոխանցեց բժշկուհին։
Նա նշեց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի ամբողջ անձնակազմն արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ։ «Մենք շատ շնորհակալ ենք հիվանդանոցւի անձնակազմից։ Գիտեք, այս վիրուսը մեր օրգանիզմին, մեր իմունիտետին անծանոթ է, բժիշկներին ևս։ Մեր մասնագետները բուժումը իրականացրել են վիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբը վերացնելու ուղղությամբ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Բժշկուհին նշեց, որ կրկնակի թեստավորման բացասական պատասխանից հետո ինքն ու իր հետ մեկուսացված գործընկերները դուրս կգրվեն, սակայն, շարունակելով 14 օր մնալ ինքնամեկուսացման մեջ, որից հետո ևս մեկ անգամ թեստավոր կիրականացվի։ Դրանից հետո բժշկական կենտրոնի 9 աշխատակից կանցնեն աշխատանքի։
Բժշկուհու փոխանցմամբ, իրենց լաբորատորիայի բժիշկներից մեկի մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Վերջինս գտնվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։








































