«Ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն»,- այդ մասին երեքշաբթի օրը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք հույս ունենք, որ այն դատական գործընթացները, որոնք այժմ սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, այդ թվում` «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված, կկարգավորվեն առանց այնտեղ բաներ բերելու որևէ փորձերի, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով՝ «բարդ իրավիճակներ» են ստեղծվել մի քանի ռուսական ընկերությունների հետ, և հույս է հայտնել, որ այս բոլոր հարցերը կողմերը կկարգավորեն «փոխադարձ բավարարմամբ»։
Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսին ՀԿԵ-ի հայաստանյան գրասենյակում ՊԵԿ օպերվարչությունը խուզարկություններ էր իրականացրել` 19 հազար ԱՄՆ դոլարի չափով հարկեր չվճարելու գործի շրջանակներում: Առգրավվել էին բազմաթիվ փաստաթղթեր։
ՊԵԿ-ի իրականացրած ստուգումներից հետո վարչապետը հայտարարել էր, որ, իր նախնական տեղեկություններով՝ չարաշահման ծավալները հասնում են 60 միլիոն դոլարի։ Ընկերությունում ի պատասխան հայտարարել էին քննության կանխակալության մասին: Առհասարակ, ՀԿԵ-ի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան։ Դրանք միացված են մեկ դատավարության մեջ: ՀԿԵ-ն բոլոր պահանջներն անհիմն է համարում:
Հիշեցնենք, որ դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ունի ՌԴ նախագահի լիակատար աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ «Կարող եմ ասել, որ այս հարցում ես և Հայաստանի կառավարությունն ունենք Ռուսաստանի նախագահի լիակատար աջակցությունը, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը շատ շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարով: Մենք համագործակցելու ենք այս ոլորտում և այլ ոլորտներում, որ Հայաստանում աշխատող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ օրինականությանը վերաբերող, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն»,- ասել էր ՀՀ վարչապետը:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Լավրովի հայտարարությունը ուղիղ ճնշում է համարում Հայաստանում ներկա փուլում քննվող քրեական գործերի վրա։ «Առհասարակ, Լավրովի հայտարարությունները, կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, պետք է դիտարկել համալիր՝ և՛ Արցախի մասով, և՛ գազի գնի ու երկաթուղու մասով։ Այս երեք բաղադրիչը պետք է չառանձնացնել։ Հետևաբար, ինչ ասում է Լավրովը՝ դա սուտ է և ցինիզմ։ Լավրովը զբաղված է ստախոսությամբ։ Սկսած Արցախի թեմայով՝ թե սեղանին ինչ-որ այլ փաստաթուղթ կա։ Ինչ վերաբերում է ռուսական ընկերություններին, ապա այդ ընկերություններում առերևույթ հանցագործություններ են կատարվել, և հիմնական հանցակազմը բացահայտված է քննչական մարմինների կողմից, բացահայտվել է, որ հսկայական միջոցներ են յուրացվել, հարկեր չեն վճարվել, և դրան պետք է տրվի իրավական գնահատական՝ անկախ դրանից, թե ռուսական կողմը ինչ ցնցումների մեջ է ընկնում այդ փաստից»,- ընդգծեց Մեհրաբյանը՝ Լավրովին հիշեցնելով, որ Հայաստանում գործող ռուսական ընկերությունները «համատեղ» չեն, ինչպես որակում է ՌԴ արտգործնախարարը, դրանք ռուսական պետական կորպորացիաների դուստր ձեռնարկություններ են դարձել։ Ընդ որում՝ այդպիսին են դարձել «ռեյդային զավթման արդյունքում», որին մասնակից են եղել նախկին իշխանությունները։ «Քրեական գործերը մեր իրավապահ մարմինների կողմից են հարուցվել, հարուցվել են փաստաթղթային հիմքի վրա։ Հիմա պարոն Լավրովը մեր երկրի իրավապահ մարմինները խառնում է իր երկրի իրավապահ մարմինների հետ, որտեղ այդ մարմինները նույնն են, ինչ կազմակերպված քրեական խմբավորումները։ Լավրովի այս արձագանքը ես որակում են որպես բացահայտ ճնշում ներկայումս քննվող քրեական գործերի վրա։ Ռուսները չեն ցանկանում, որ այդ քրեական գործերով քննությունը առաջ ընթանա, հետևաբար՝ նման մեթոդներով խոչընդոտում են քննությանը»,- ընդգծեց Մեհրաբյանը։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Լավրովի հայտարարությունը ճնշման փորձ է ՀՀ-ում ռուսական կառավարմանը հանձնված ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի վրա։ «Լավրովի այդ հայտարարությունը ճնշման փորձ կարող ենք դիտարկել, քանի որ նրան ուղղված հարցը բնավ կապ չուներ երկաթուղու հետ։ Հարցը վերաբերում էր գազի գնին, և Լավրովի պատասխանում մի շարք անճշտություններ կային։
Նա խոսեց դատավարության մասին, բայց դատավարություններ այդ գործերով չկան, կա հարուցված 8 քրեական գործ՝ ընդհանուր առմամբ 104 միլիոն ապացուցված չարաշահումներով, որոնց ինչ-ինչ պատճառներով լուրջ ընթացք չի տրվում»,- ասաց Պապյանը՝ Լավրովին հիշեցնելով, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերություն չէ։ Ընկերությունը հայկական իրավատիրության տակ գտնվող ընկերություն է, որը արտաքին կառավարման է հանձնված մեկ այլ ընկերության՝ տվյալ դեպքում «Ռուսական երկաթուղիներին»։ «Բայց «Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը։ Հիմա սեփականատերը քրեական հանցագործություններ է հայտնաբերել իր ընկերությունում և այն պետք է բացահայտի՝ անկախ նրանցի, թե ովքեր են այնտեղ աշխատում։ Հետևաբար՝ երկաթուղում հարուցված քրեական գործերում որևէ հիմք չկա՝ դա ներկայացնելու իբր Ռուսաստանի դեմ ներկայացվող քայլ։ Հակառակը՝ այն մարդկանց գործողություններն են ավելի վնասում հայ-ռուսական հարաբերություններին, որոնք զբաղված են թալանով, գումարների յուրացմամբ»,- ընդգծեց Արա Պապյանը։
Մեր զրուցակիցը մի քիչ թերահավատ է, որ հարուցված քրեական գործերը կհասնեն դատարան, և դատավճիռ կլինի դրանցով, քանի որ մոտ մեկ տարի է, ըստ էության, ամբողջացված քրեական գործերով որևէ քայլ չի կատարվում։ «Ինչ-որ մի բան կա, որ քրեական գործերը ընթացք չեն ստանում, և հիմա բացահայտվեց, որ այդ ինչ-որ մի բանը դա արտաքին ճնշումն է։ Ես առանձնապես հույս չունեմ, որ այդ գործերով լուրջ հետևանքներ կլինեն, քանի որ, մի կողմից, արտաքին քաղաքական ճնշում կա, որը մեր իշխանության համար դժվար է հաղթահարելը։ Մյուս կողմից, կոռուպցիոն լուրջ ռիսկեր կան։ Այդ մարդիկ հարյուր միլիոն դոլարներ են կերել և իրենք ասում են՝ եղբայր, մենք մուծվել ենք 10-12 միլիոն դոլար, և հույսներդ կտրեք, որ այդ գործերը առաջ կգնան։ Չգիտեմ՝ դա որքանով է ճիշտ, բայց գործերի նման ձգձգումը նման հետևությունների է հանգեցնում»,-եզրափակեց Պապյանը։







































