Երկու տարի առաջ՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականը երկար սպասված, բայց և անակնկալ իրադարձություն էր, ինչը խանդավառությամբ ընդունվեց փոփոխությունների կարոտ, լճացումից դուրս գալու և ազատ, արդար ընտրություններ անցկացնելու պատրաստ հանրության կողմից։
Թավշյա հեղափոխության առաջնորդ, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև հանրությունն ակնկալիքների, սպասելիքների բարձր նշաձող դրեց՝ սպասելով տասնամյակներով թալանածը վերադարձնելուն, շուտափույթ արդարադատություն իրականացնելուն, որոնք էլ նոր Հայաստանի համար կարող էին լինել ուղենշային։
Երկու տարի անց ականատես ենք, որ կան հարուցված քրեական բազմաթիվ գործեր, սակայն մեղադրյալների գերակշիռ մասին հաջողվել է ճողոպրել արդարադատությունից և ապաստան ստանալ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Կան դժգոհություններ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից, դատական համակարգից։ Փաշինյանն ինքն էլ է խոստովանում, որ պետական համակարգում դեռ մնացել են «Սերժի մնացորդները»։
Որքանո՞վ էին իրատեսական հանրության ակնկալիքները հեղափոխական իշխանություններից, ո՞ր չափով են դրանք իրականացել, ի՞նչ օբյեկտիվ խոչընդոտներ են եղել ու կան, որոնց պատճառով հապաղում են բարեփոխումները։
Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հիշեցնում է, որ անսխալական իշխանություն չի լինում։
«Պետք է ավելի շատ կենտրոնանանք այն հարցի վրա՝ այն նպատակները, որոնք հռչակել է քաղաքական իշխանությունը, մյուս քաղաքական ուժերը որքանով են անկեղծորեն ձգտում դրանց իրականացմանը։ Կարծում եմ՝ սա ավելի կարևոր հարցադրում է, քան իշխանությունների սխալների մասին խոսելը։ Մենք տեսնում ենք, որ, ըստ էության, քաղաքական ուժերի մի զգալի մասը տառապում է նախկին համակարգի նկատմամբ կարոտախտով։ Այն իրավիճակը, որ պետք է ապրել «օրենքի առջև բոլորը հավասար են» սկզբունքով, քաղաքական դաշտում շատերին պարզապես ձեռնտու չէ։ Եվ սա ենթադրում է, որ իշխանությունը պետք է մտածի բոլոր այն ներուժ ունեցող անհատներին ու կառույցներին կոնսոլիդացնելու մասին, որոնք կարոտախտով չեն տառապում։ Իսկ այդ խնդիրը իշխանությունը հաջողությամբ չի լուծում, փորձում է դրսևորել հանդուրժողականություն։ Միգուցե դա վատ չէ, բայց պետք է ձեռնամուխ լինել նոր սերնդին ասպարեզ բերելուն, որովհետև հին համակարգում դաստիարակվածները ցանկություն չունեն նորովի ապրելու։ Հին համակարգը նրանց շատ հարմար և ձեռնտու էր․ և՛ իշխանությունն էր օգտվում, և՛ ընդդիմությունը, իրար մեջ բաներ էին բաժանում, դերի մեջ էին մտել։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ մարդիկ հիստերիկ ակտիվությամբ ժողովրդին փորձում հիասթափեցնել նոր իշխանություններից։ Իրականում նրանք հետապնդում են սեփական շահերը, որոնք հանրային շահերի հետ աղերս չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վիգեն Խաչատրյանը։
Մեր զրուցակիցը նկատում է, որ իշխանությունը վերջին երկու տարվա ընթացքում ցույց տվեց, որ հանրային շահը վեր է դասում անձնականից, ինչը չենք կարող ասել նախկին իշխանությունների մասին։
Հակադարձեցինք, որ պետական պաշտոնյաներին տրվող պարգևավճարները պարբերաբար արժանանում են քննադատության, քանի որ բժիշկը, դասախոսը, մանկավարժը, մյուս ոլորտների աշխատակիցները ստանում են ցածր աշխատավարձ։
«Պարգևավճարների հետ կապված քննադատությունները ես համարում եմ մանիպուլյացիա։ Պետք է խոսել հետևյալի մասին․ այո՛, պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Պետք է ոչ թե պարգևավճար տալ, այլ բարձրացնել աշխատավարձը։ Պետք է առաջարկել նոր օրենք վարձատրության մասին, ինչը չի արվում։ Կարծում եմ՝ իշխանությունը դեռ ժամանակ ունի, որպեսզի փոխի իր ոճը և օրենքով բարձր աշխատավարձ երաշխավորելու պաշտոնյաների համար, որպեսզի նրանք սոցիալական խնդիրներ քիչ ունենան և զբաղվեն հանրային շահերով»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է դատական համակարգի բարեփոխումներին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ այնտեղ իրականացվող բարեփոխումներին խոչընդոտեց կորոնավիրուսի տարածումը։
«Իրականում դատական համակարգը ումից կախված էր, այնպես էլ շարունակում է մնալ կախված։ Պետք է նրանց ազատագրել նախկին ռեժիմից»,- նշեց մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ նախկիններն ամեն ինչ անում են գործող իշխանությանը տապալելու համար, քանի որ սարսափած են հերթական ընտրություններից, իրենք այն ժամանակ վերջնական մոռացվելու են։









































