Ռուսաստանի իշխող համակարգի պալատական ծաղրածուի կարգավիճակ ունեցող Վլադիմիր Ժիրինովսկին ռուսական պետական հեռուստաեթերում հայտարարել է, որ ԽՍՀՄ վերականգնումը դառնում է ավելի ու ավելի իրական: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը միմյանց հետ են կռվելու գլոբալ գերակայության համար, ինչը բացելու է ՌԴ ճանապարհը: Այլ կերպ ասած՝ Ժիրինովսկին համարում է, որ «երկու շուն կկռվեն, իսկ ճամփորդի գործը կհաջողի»:
Թե որքան է Ժիրինովսկու երևակայությունն իրատեսական՝ հարցն իհարկե բարդ է, ժամանակակից աշխարհում այլևս հնարավոր է թվում ամեն ինչ: Խնդիրը տվյալ դեպքում ավելի շուտ այն է, թե որքան է Ժիրինովսկին արտահայտում մտադրությունները, որ կան Կրեմլում: Իսկ այստեղ մտահոգիչ կամ խորհելու տեղիք տվող է այն, որ Ժիրինովսկու հայտարարություններից օրեր առաջ Պուտինն ինքն էր հերթական անգամ խոսել ԽՍՀՄ մասին՝ հայտարարելով, թե հետխորհրդային երկրներում անցնում է վախը ԽՍՀՄ վերստեղծման առումով, որ նրանք ունեն հետխորհրդային շրջանակում ինտեգրացիայի կապակցությամբ:
Պուտինի հայտարարությունն անշուշտ բավականին բազմիմաստ է, և այդ առումով հայտնի է, որ պաշտոնական մակարդակում Կրեմլն այդ թեման շոշափում է հենց դիվանագիտական բազմիմաստության տրամաբանությամբ, ու այստեղ է, որ հարցեր են առաջանում ակնհայտորեն ոչ պաշտոնական խոսափողների կարգավիճակ ունեցողների հայտարարությունների առնչությամբ, որոնց թվում է նաև Ժիրինովսկին:
Այստեղ իհարկե կա այն հանգամանքը, որ բավականին ծանր վիճակում հայտնվող ռուսական համակարգը փորձում է սոցիալ-տնտեսական ծանրությունը քարոզչական դաշտում ծածկել կայսերական, մեծապետական հավակնությունների խաղարկումով, որը ռուսական հանրության մի զգալի մասի համար հալած յուղ է: Մյուս կողմից՝ դա լոկ ներքին սպառման համա՞ր հալած յուղ է, թե՞ մի օր, երբ արդեն քարոզչական դաշտում այն սկսի չաշխատել, կորցնել էֆեկտիվությունը՝ իսկ այդ օրը, մեծ հաշվով, արդեն եկել է, Ռուսաստանը կարող է արդեն ձեռնամուխ լինել քարոզչական յուղերի կենսագործման արկածախնդրության: Այդտեղ է հարցը, ու քանի որ դրա պատասխանը Հայաստանում հազիվ թե հնարավոր լինի գիտենալ, ապա մնում է լոկ դիտարկել ամենատարբեր սցենարներն ու պատրաստ լինել ամենաուժգին մարտահրավերներին, որ կարող են սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանն ու հայկական անկախ պետականությանը:
Ըստ այդմ՝ պետք է հնարավորինս արագորեն կուտակել գործիքակազմ՝ թե՛ բովանդակային, թե՛ ռեսուրսային, այդօրինակ մարտահրավերների կանխարգելման համար, որովհետև զուտ դիմակայության ու պաշտպանության տեսանկյունից ռեսուրսն ու ժամանակը կարող են չբավականացնել: Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին, քանի որ դա է լավին հասնելու երաշխիքը:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































