Երբ արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվեց, բոլորս հասկացանք, որ բարդ երկընտրանքի պայմաններում կառավարությունը որոշել է առաջնությունը տալ քաղաքացու առողջությանը՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերը կառավարելի պահելու նպատակով։
Բայց ապրիլի 14-ից հետո երկրում արտակարգ դրությունը պահպանվում է խիստ պայմանականորեն կամ հարաբերականորեն, որովհետև Երևանի փողոցները դարձյալ մարդաշատ են, ըստ էության՝ բացակայում է ոստիկանության պատշաճ վերահսկողությունը, էլ չենք խոսում՝ անգամ դիմակների ու ձեռնոցների բացակայության, սոցիալական տարածությունը պահպանելու պահանջը խախտելու մասին։ Իհարկե, կարելի է անվերջ մեղադրել մեր քաղաքացիներին, խոսել նրանց մոտ սոցիալական պատասխանատվության բացակայության մասին։ Գուցե այս ամենը ճշմարտություն է, սակայն բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ իշխանությունները որոշեցին ապրիլի 14-ից հետո, այսպես կոչված, կարանտինային վիճակը դարձնել ձևական կամ, պատկերավոր ասած, դրա մեջ պահել ոչ թե քաղաքացիներին, այլ՝ ոստիկաններին, որոնք, լավագույն դեպքում, դիտորդի կարգավիճակում հետևում են փողոցներում հաճախակի դարձող մարդկային կուտակումներին։
Թվում էր՝ ուրբաթ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց քաղաքացիներին, կտրվեն մի շարք հարցերի պատասխաններ։ Արդյո՞ք Փաշինյանի թիմը համարում է, որ կորոնավիրուսի պիկը հետևում է ու անհրաժեշտ է վերացնել կարանտինային ռեժիմը, թե՞ տնտեսությունը «բացելու» որոշում է կայացվել՝ առանց ռիսկերը գնահատելու, մարդկանց սոցիալական դժգոհությունները մեղմելու նպատակով։ Այս հարցերի պատասխանը վարչապետի հեռուստաուղերձը չտվեց։ Սա առնվազն նշանակում է, որ կառավարությունը երկընտրանքի փակուղին հաղթահարել չի կարողացել ու առայժմ չկա քաղաքական որոշում։
Ըստ ամենայնի, կարանտինային ռեժիմի վերացումը վտանգավոր է, որովհետև վերջին օրերի ցուցանիշները բացահայտում են, որ վարակի տեմպերը դարձյալ «կայունանում» են օրական 40-50-ի միջակայքում՝ կարճ նահանջ ապրելուց հետո։ Բացի այդ, վերջին երկու օրերին բավականին մատահոգիչ իրավիճակ է ստեղծվել Շիրակի Մարալիկ և Գեղարքունիքի Վարդենիս քաղաքներում․ նոր լոկալ օջախների գոյացման ռիսկեր են առաջացել։ Սա, թերևս, կարանտինը «թուլացնելու» առաջին նշաններն են։
Մյուս կողմից՝ կարանտինի ռեժիմը ու տնտեսության «փակվածությունը» բերում են սոցիալական լարվածության, որովհետև կառավարության մեկ տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագրերը, մեղմ ասած, բավարար չեն անգամ անապահով խավերի պրոբլեմները լուծելու համար։
Նման բարդ իրավիճակում, երբ կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջև, չի կարելի իրավիճակը հանգուցալուծել, այսպես ասած, կիսահղի լուծումներով, որովհետև դրանք մի կողմից կարող են պայթունավտանգ համաճարակային վիճակ ստղեղծել, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա չդնել տնտեսության «վերաբացման» քաղաքականությունը։
Կառավարությունը պետք է արագ լուծումներ գտնի, որոնք մի կողմից՝ ավելի հստակ կդարձնեն երկրում ստեղծված համաճարակային պատկերը՝ ավելի շատ թեստավորումների, ռիսկային խմբերին մեկուսացնելու միջոցով, մյուս կողմից՝ հասարակության մյուս խմբերին թույլ կտան վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ մեղմելու համար կորոնավիրուսի հարուցած տնտեսական, սոցիալական հետևանքները։ Սակայն այս խնդիրները պետք է լուծվեն հստակ որոշումներով, չի կարելի ամեն ինչ թողնել իներցիայի ազդեցությանը։ Հետևանքները կարող են անդառնալի լինել․․․․









































