Լիբիայի ապստամբների զինվորական առաջնորդները հայտարարել են, որ Արևմուտքի կողմից «փոքր օգնության դեպքում» պատրաստ են շատ արագ հասնել մայրաքաղաք Տրիպոլի, որը գտնվում է Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ: Նման հայտարարություն նրանք արել են Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նրանցից մեկը՝ Սուլեյման Ֆորտիան ասել է, որ «փոքր օգնություն» ասելով իրենք հասկանում են զենքը, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար, իսկ «շատ արագ» ասելով հասկանում են մի քանի օր. «Մենք այստեղ ենք՝ Ֆրանսիայում, որպեսզի քննարկենք, թե ինչպես դա անենք»,- ասել է Ֆորտիան:
Այս բանակցությունները տեղի են ունենում Բրեգայում տեղի ունեցող մարտերի ֆոնին, երբ ապստամբները շրջապատել են այն, իսկ ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ռմբակոծում են և ոչնչացնում են բոլոր այն մեքենաները, որոնք փորձում են այդ քաղաքում պաշտպանվող Քադաֆիի կողմնակիցներին օգնություն հասցնել: Ավելի վաղ թե՛ ապստամբները և թե՛ իշխանությունները հայտարարել են, որ Բրեգան իրենց վերահսկողության տակ է:











































