«Գազպրոմ»-ը պետք է ասի, թե ինչ գնով է գազ վաճառում ՀՀ-ին, այլապես գազի իրական գինը ի վիճակի չենք իմանալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդը» պետական ընկերություն է, իսկ պետական ընկերությունները ինչ-որ չափով պատկանում են ժողովրդին՝ մեզ և ձեզ:
«Թող հրապարակեն, թե ինչ գնով են գազ գնում ՌԴ-ից: Բայց Մովսիսյանը (էներգետիկայի և բնական պաշարների նախարարը.- 1in.am) «Գազպրոմ»-ը չի: Եվ վստահել երբեք չի կարելի։ Եթե նա ճիշտ խոսեր՝ 10 տարի չէր մնա այդ աշխատանքին»,- ասաց Հ. Բագրատյանը:
«Գազպրոմ» ընկերությունում հրաժարվում են հրապարակել, թե ինչ գնով են կապույտ վառելիքը վաճառում ՀՀ-ին՝ պատճառաբանելով, թե դա առևտրային գաղտնիք է:
Հիշեցնենք, որ վերջին ասուլիսի ժամանակ նախարար Ա. Մովսիսյանը հերքել էր ՀՀ համար գազի գնի շուրջ 30 դոլարով թանկացումը և հայտարարել, թե գազի գինը մինչև հաջորդ տարի ապրիլի 1-ը չի փոխվելու:









































