Այս գիշեր Facebook-ի պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այսօրվանից գործարկվում է այս սոցիալական ցանցի մեկնաբանությունների ֆունկցիան, որը թույլ է տալիս դաջել (embed) տեսանյութերը, նկարները կամ կայքերը պարզապես ներառելով դրանց հասցեները (URL) մեկնաբանության տեքստում:
«Ձեր մեկնաբանությունը կներառի տեսանվագարկիչ, նկարի մանրապատկերը (thumbnail) կամ հղվող կայքի փոքր համապատկերը: Եթե նախընտրում եք, որ ձեր մեկնաբանությունը լինի առանց այդ նախատեսքի, ապա կարող եք հեռացնել այն մեկ քլիքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նկարագրված հնարավորությունները վաղուց արդեն հասանելի էին Facebook-ում, սակայն միայն հիմնական գրառումների, այլ ոչ դրանց մեկնաբանությունների համար: Հենց այս ֆունկցիայով էր այս սոցիալական ցանցը տարբերվում իր մրցակիցներից: Սակայն հետագայում այդ տեխնոլոգիան յուրացրեցին նաև նրա մրցակիցները: Փաստորեն, այսպիսով Facebook-ը ևս մեկ քայլ առաջ է ընկնում մյուսներից, մասնավորապես` վերջերս գործարկված Google +-ից: