Նյու Յորքի առողջապահության քաղաքային խորհրդի նախագահ Մարկ Լեվինը Twitter-ում հայտարարել է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի հսկայական աճի և դիահերձարաններում ու գերեզմանատներում տեղերի պակասի պատճառով, իշխանությունները կարող են սկսել մահացածներին հուղարկավորել պուրակներում՝ եղբայրական գերեզմաններում:
«Գերեզմանատներն այլևս ի վիճակի չեն լուծելու մեծ թվով հուղարկավորությունների հարցը: Եվ դեռ զոհերի թիվը շարունակում է աճել: Շուտով Մանհեթենում և Բրուքլինում գտնվող դիահերձարաններում տեղ չի լինի: Իսկ հետո ի՞նչ է լինելու»,- գրել է Լեվինը:
Նա նաև հայտարարել է, որ պուրակներում թաղումները կազմակերպվելու են ինչպես հարկն է, իսկ քաղաքի ղեկավարության հիմնական նպատակն է կանխել «իտալական սցենարը», երբ զինվորականները ստիպված կլինեն զոհվածների դիերը հավաքել փողոցներից:
«Նյու Յորքի առողջապահական համակարգը սահմանագծին է»,- ասել է Լեվինը:
Ներկայումս ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 340 հազար դեպք, մահացել է 10.000-ից ավելի մարդ: