Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է հունիս ամսվա հիմնական նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ այդմ՝ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է ընդամենը 2.3%-ով։ Այս տարվա մայիսի համեմատ հունիսի ՏԱՑ-ն աճել է 9.6%-ով։
Հունիսին զգալի անկում է եղել շինարարության ոլորտում՝ 31.3%, արդյունաբերությունում արձանագրվել է 24.7% աճ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 10.1%-ով, առևտրաշրջանառությունն ավելացել է 6.0%-ով:
2011 թ. հունիսին 2010-ի հունիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 10.4%-ով, սակայն հունիսին մայիսի համեմատ այստեղ 7.0% անկում է արձանագրվել: Ընդ որում, ամսական 9.5% անկումը եղել է ներմուծման դեպքում՝ տարեկան 4.3% աճի պայմաններում, իսկ արտահանման ամսական աճը կազմել է 1.1%, տարեկանը՝ 32.5%:








































