Անկարան հրաժարվել է ռազմական տեխնիկան դուրս բերել Սիրիայի Իդլիբ նահանգից: Այս մասին Twitter-ում հաղորդել է Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին հղումով:
Թուրքիայի դիտորդական կետերը շարունակում են գործել Իդլիբի ապառազմականացված գոտում, ասվում է հաղորդագրությունում: Անկարայի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն հաստատել տեղեկատվությունը:
Մարտի 12-ին նման հայտարարություն է արել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զգուշացրել է, որ թուրքական զինուժը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական ուժերին, եթե Իդլիբում խախտվի հրադադարի ռեժիմը:
Մարտի 5-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ Իդլիբի ապառազմականացված գոտում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Ավելի ուշ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե ամերիկյան և թուրքական զինված ուժերը չլքեն երկիրը, Դամասկոսը կարող է ուժ կիրառել:
Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի բանակցությունների պատճառը իրավիճակի կտրուկ սրումն էր Իդլիբում, որտեղ հունվարին սկսվեց սիրիական բանակի կողմից լայնածավալ հարձակումը զինված ընդդիմության և ահաբեկիչների դիրքերի դեմ: Կառավարական ուժերը գրավեցին Իդլիբի ապառազմականացված գոտու գրեթե կեսը և հետևում թողեցին թուրքական մի շարք դիտորդական կետեր: Դրանից հետո Անկարան կտրուկ ավելացրեց տարածաշրջանում իր ռազմական համակազմը և սկսեց «Գարնանային վահան» գործողությունը՝ սիրիական զորքերը դուրս մղելու համար:
Թուրքիային աջակցում են նրան հավատարիմ զինյալները: