Грузия Online-ի փոխանցմամբ՝ WikiLeaks սկանդալային կայքը շարունակում է հրապարակել ԱՄՆ դիվանագիտական հեռագրերը։ Հուլիսի 11-ին կայքը հրապարակել է Թբիլիսիում գտնվող ԱՄՆ դեսպանատնից Վաշինգթոն ուղարկված հերթական հաղորդագրությունը, որում նկարագրված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի միջև տեղի ունեցած զրույցի մանրամասները։
2009 թվականի սեպտեմբերի 25-ին թվագրված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ԱՄՆ-ը և ակնհայտորեն ոչ միայն ԱՄՆ-ը անհանգստություն են հայտնել երկու տարի առաջ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Բաչո Ախալայայի նշանակման կապակցությամբ, քանի որ վերջինս վատ համբավ է վայելում մարդու իրավունքների հարցում։ Սակայն Սաակաշվիլին ԱՄՆ-ին կոչ է արել ևս մեկ հնարավորություն ընձեռել Ախալայային, որպեսզի վերջինս կարողանա ապացուցել, որ հավատարիմ է բարեփոխումների անցկացմանը։
Քեյդենաուն հայտնել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է Աբխազիայի ջրերի մոտ Վրաստանի կողմից օտար նավերի կալանման կապակցությամբ, որոնք աբխազական կողմի հետ զբաղված են ապօրինի առևտրով։ Քեյդենանուն մտավախություն է հայտնել, որ Վրաստանի այդ գործողությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել մի շարք երկրների և մասնավորապես Թուրքիայի հետ։ Սաակաշվիլին պատասխանել է, որ այդ հարցում սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ։
Հաղորդագրությունում նշված է, որ Սաակաշվիլին իր հերթին Քեյդենաուին անհանգստություն է հայտնել Վենեսուելայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Վենեսուելայից հետո այդ քայլին կգնան նաև այլ երկրներ։ Սաակաշվիլին նաև հայտնել է, որ Բելառուսը նույնպես գտնվում է այդ քայլն իրագործելու նախաշեմին՝ հույս հայտնելով, որ Արևմուտքն արագ կգործի և կկանխի դա։
Միևնույն ժամանակ Սաակաշվիլիի վստահեցմամբ՝ Լուկաշենկոն ատում է Վլադիմիր Պուտինին, ինչի համար էլ 2006 թվականին արգելք չի դրել վրացական գինիների ներկրման վրա։ Քեյդենանուն իր հերթին նշել է, որ Բելառուսն անհետևողական ու անկանխատեսելի երկիր է, սակայն ԱՄՆ-ը ամեն ինչ կանի դա կանխելու համար։
Քեյդենանուն Սաակաշվիլիին կոչ է արել այդպիսի ճանաչումներին պատասխանել զսպվածորեն՝ ընդգծելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի այն հրապարակավ հայտարարությունը, որ Վենեսուելայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը զգալի սպառնալիք չի հանդիսանում Վրաստանի ինքնիշխանության համար։
Նշվում է, որ Սաակաշվիլիին շատ քիչ է անհանգստացրել աֆրիկյան երկրների կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի հնարավոր ճանաչումը։
Հայ-թուրքական մերձեցման հետ կապված՝ Սաակաշվիլին դա որակել է որպես դրական քայլ և հույս հայտնել, որ դրա շնորհիվ Հայաստանը կարող է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց. «Մենք ակնկալիքներ չունենք, որ ադրբեջանական կողմը կարող է կարճաժամկետ մտավախություններ ունենալ, սակայն ադրբեջանցիները կարող են երկարաժամկետ հեռանկարում գործընթացը տեսնել հարաբերություննների բարելավման մեջ»։
Քեյդենանուն համաձայնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրականորեն ազդել ողջ Հարավային Կովկասի տնտեսական զարգացման վրա։










































