Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Ե՞րբ և ինչո՞ւ Անկարան կվավերացնի Ցյուրիխյան արձանագրությունները» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը մտադիր է նորից կենդանացնել հայ-թուրքական մերձեցման գործընթացը և կողմերին ոգևորել այն շարունակելու հարցում, շոկ առաջացրեց առաջին հերթին Ադրբեջանում: Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ. «Թուրքիայի ու Հայաստանի փոխհարաբերությունները այդ երկու երկրների գործն է: Մենք չենք միջամտում երրորդ երկրների ներքին գործերին»: Միևնույն ժամանակ, Բաքուն ընդգծեց, որ եթե այդ հարցում դիպչեն «Ադրբեջանի ազգային շահերին, ապա Բաքուն, բնականաբար, դրան կարձագանքի համապատասխան կերպ»:
Ձևականորեն Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Հ.Քլինթընն անվանել է «պատմական», և որոնք կարգավորում են հայ-թուրքական հարաբերությունները, ուղղակիորեն որևէ կերպ կապված չեն Անդրկովկասի խնդիրների հետ: Դրանք ընդհանրապես չեն վերաբերում Ադրբեջանին: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը, ինչպես կարծում է տվյալ երկրի արտգործնախարարությունը, հենվում է այն փաստի վրա, որ «1993 թվականին Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է որպես Ադրբեջանի տարածքների, կոնկրետ Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի «օկուպացման» բողոքի նշան», իսկ «Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: «Արաբական գարնան» իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան հետևողականորեն հետևում է ամերիկյան քաղաքականության ուղեծրին և որ Հայաստանի հետ փոխհարաբերություններում Ադրբեջանին պաշտպանելու Թուրքիայի հնարավորությունները գործնականում սպառված են: ԱՄՆ-ը ցյուրիխյան գործընթացի ճարտարապետներից մեկն է և համառորեն «ցանկություն է հայտնում տեսնել երկու երկրների հարաբերությունների կարգավորումը»: Ավելին` պարզվում է, որ այդ խնդիրն անուղղակիորեն ինտեգրված է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համակարգում: Պատահական չէ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ «հենց որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ձեռք կսեղմեն, դրա հաջորդ օրն իսկ կբացվի հայ-թուրքական սահմանը»:
Ըստ էության, տվյալ ուղղությամբ նոր գաղափարների նախաձեռնողի դերում է հանդես գալիս միայն Իրանը, քանի որ ժամանակին Ղարաբաղի խանությունը գտնվել է Պարսկական և ոչ թե Օսմանյան կայսրության կազմում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի ուսերին է ծանրացել Մերձավոր Արևելքում, այսպես կոչված, «ժողովրդավարական առաքելության» բեռը, որն ապրում է «արաբական գարնան» ցնցումները, և որոնց արդյունքում օրեր առաջ հայտարարվեց Դիարբեքիրում քրդական ինքնավարության մասին՝ կարելի է համարձակորեն կանխատեսել, որ Անկարան հետ է կանգնելու իր նախկին արտաքին քաղաքական կուրսից: Ամեն դեպքում ոչ վաղ անցյալում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելեց Իրան, որտեղ նրան բացահայտ հասկացրին, որ չեն ցանկանում ընտրություն կատարել Անկարայի ու Դամասկոսի միջև: Իսկ Թուրքիայի հարցերով իրանցի փորձագետ Բահրամ Ամիր Ահմադիանը, խոսելով Սիրիայի շուրջ տիրող իրավիճակից, զգուշացրեց, որ տվյալ ուղղությամբ կարող են բախվել Իրանի ու Թուրքիայի շահերը, եթե իհարկե Թուրքիան ճանաչի սիրիական ընդդիմությանը, ինչպես որ դա արել է Լիբիայի պարագայում:
Այդ ամենը նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը վաղուց ձեռք են բերել ոչ թե Թուրքիայի ու Հայաստանի կամ Ադրբեջանի ու Հայաստանի երկկողմանի հարաբերությունների կարգավիճակ, այլ, զարգացում ապրելով, ստացել են տարածաշրջանային նշանակություն՝ նույն շարքում կանգնելով մերձավորարևելյան ու կիպրական հակամարտությունների կարգավորման հետ: Ահա թե ինչու ԱՄՆ-ում առկա է կայուն համոզմունք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կրելու է համալիր բնույթ: Պատահական չէր, որ Հիլըրի Քլինթընն այդ հարցերը քննարկեց թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Դա արվեց նրա համար, որպեսզի վարչապետ Էրդողանի գլխավորած իշխող կուսակցությունը զրկվի ընդդիմության միջոցով ցյուրիխյան արձանագրությունների վավերացման խնդրում մանևրելու հնարավորությունից: Քլինթընը որոշեց հայ-թուրքական գործընթացի տապալման մեջ մեղադրել թուրքական ընդդիմությանը. «Երբ իշխանական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ արձանագրությունները չեն ընդգրկվում խորհրդարանի օրակարգում, ինձ պատասխանեցին, որ դրա դեմ հանդես է գալիս ԺՀԿ-ն, ինչի համար էլ այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»: Քըլըչդարօղլուն այդ կապակցությամբ հայտնեց իր զարմանքը՝ ընդգծելով, որ «կառավարությունն իրենց որևէ տեղեկատվություն չի հաղորդում արձանագրությունների վերաբերյալ»:
Մի խոսքով, ԱՄՆ-ը տակտիկապես տարանջատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ցյուրիխյան գործընթացից՝ Թուրքիային հարկադրելով գործել արդեն իսկ մշակված սցենարով: Ընդ որում, տվյալ ուղղությամբ Թուրքիայի վրա բանեցվող ճնշումն աճելու է: Սրա հետ կապված՝ կարելի է համաձայնել հայ փորձագետ Իգոր Մուրադյանի հետ, ով կարծում է, թե Արևմուտքը Հայաստանը չի դիտարկում բացառապես Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում և ավելի շուտ դիտարկում է կովկասյան ուղղությամբ Թուրքիային զսպելու հայկական գործոնի ուժեղացման պլանում: Այդ պատճառով էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սխեման ու տրամաբանությունը հաշվարկված է տարածաշրջանային մեծ քաղաքականության մեջ հայկական գործոնի ներթափանցման վրա, երբ Ղարաբաղի խնդիրները ձեռք կբերեն երկրորդական նշանակություն:
Բացի այդ, «արաբական գարունը», որին Թուրքիայի ղեկավարությունը դիմավորեց քաղաքական էյֆորիայի զգացումներով, երկրի համար ստեղծել է բազմաթիվ բարդագույն խնդիրներ և Արևմուտքի հետ ավելի սերտ մերձեցմանն ուղղված ազգային տարածքին առնչվող ներքին տրանսֆորմացիայի ռեալ ռիսկեր առաջացրեց, ինչն Անկարային հարկադրում է փնտրել գործողությունների նոր տարբերակներ: Դա հեշտ չէ: Արևմուտքի հետ մերձեցումից հրաժարումը Թուրքիային անխուսափելիորեն հանգեցնում է աշխարհաքաղաքական մարգինալացման: Միևնույն ժամանակ, Արևմուտքի հետ մերձեցումը սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանը: Դրա համար էլ պատահական չէ, որ եվրոպական ինտեգրման հարցերով Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, ըստ որի՝ «հայ-թուրքական արձանագրություններին կարելի է վերադառնալ մեկ տարի անց»` այն ժամանակ, երբ Թուրքիան կհրաժարվի առաջ քաշած և իրավաբանական հիմք չունեցող նախապայմաններից: Սակայն սկզբունքորեն Անկարան առաջարկել է հենց այդպիսի սցենար՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ անտեսելով ղարաբաղյան գործոնը: Այժմ եկել է հետագա քայլերն անելու ժամանակը»:
Պատրաստեց` Հայկ Գաբրիելյանը








































